Ալեքսանդր Բաբասյանի կնոջ արձագանքը` նրա և Մերի Հակոբյանի համբույրի ու անկողնային տեսարաններին
Հունիսի 26–ին Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կսկսվի Ելենա Արշակյանի նոր` «Դեպի վայրէջք» 25 մասանոց հեռուստասերիալը։ Սարգիս Գրիգորյանի ու դստեր` Յանայի, Էմմա Մանուկյանի, Ալեքսանդր Բաբասյանի, Մերի Հակոբյանի, Վարդան Հովսեփյանի, Էվա Խաչատրյանի, Գնել Սարգսյանի և այլ դերասանների մասնակցությամբ հեռուստանովելը հոգեբանական դրամա է։
Ֆիլմի հակահերոսին մարմնավորում է Ալեքսանդր Բաբասյանը։ Թեև ժամանակին նա ասում էր, որ չի խաղա բացասական կերպար, Ելենա Արշակյանն այնպես կոտրեց նրա կարծրատիպերը, որ դերասանն արդեն երկրորդ անգամ է խաղում բացասական դեր։ Ֆիլմում նա հանդես է գալիս իր անունով` Սաշ, ունի Իժ մականունը։
«Շատ հզոր, խաղարկային, ֆանտաստիկ լավ դեր է։ Ոչ ոքի դերը չթերագնահատելով, երևի թե, բոլորը կհամաձայնեն, որ Իժի կերպարն ամենադժվարն ու ամենալավն է։ Շատ ուժեղ կերպար է` իր մեջ ունի բոլոր բացասական բաները` թմրանյութ է օգտագործում, թրաֆիքինգով է զբաղվում, հղի կին է բռնաբարում։ Որպես դերասան` բավականին բարդ էր, հատկապես, ինձ համար, քանի որ նկարահանվում եմ 2 նախագծում։ «Կայարանում» արդեն իդեալական մտել եմ իմ կերպարի մեջ` ձայնի, ոճի, շարժուձևի առումով, ի հայտ է գալիս նոր կերպար, որը պետք է նորովի խաղամ»,– Tert.am Life-ին ասաց նա։

Ալեքսանդրի գլխավոր խաղընկերուհին Մերի Հակոբյանն է։ Նրա խոսքով` ֆիլմը կառուցվում է իրենց սիրո շուրջ։ Զույգի սիրային տեսարանները, սակայն, միանգամից չեն ստացվել։ «Մերիի հետ մի քանի տեսարանների բարդ ստացվելը, կարծում եմ, դաս էր մեզ հետագայի համար։ Մեզ համար բարդ էր, որովհետև կյանքում բառ չէինք փոխանակել իրար հետ, ես, նույնիսկ, Մերիի ձայնի ինտոնացիան չգիտեի։ Պատկերացում չունեի` ինչպիսին է նա տեսակով։ Բոլորը գիտեն, որ ես հումորով եմ։ Նկարահանման հրապարակում ես պետք է լինեմ առաջինը, ամենալավը։ Ես ինձ այդպես ներկայացնելուն հումորով եմ վերաբերում, սակայն երբ մարդուն չես ճանաչում, չես իմանում` ինքը քո տեսակին հումորով և լա՞վ է վերաբերում, թե՞ ոչ։ Ժամանակի ընթացքում ես ու Մերին ընկերացանք։ Մերին շատ լավ մարդ է»,– ասաց Ալեքսանդրը։
Թեև առաջին տեսարաններում իրենց միջև որոշակի լարվածություն է եղել, Ալեքսանդրը վստահ է` հեռուստադիտողները դա բնական կընկալեն։ «Կարծում եմ, այն, որ տեսարանները մեզ մոտ բարդ էր ստացվում, ֆիլմում արդարացված է, որովհետև կինոյում էլ ենք իրար նոր ճանաչում։ Այսինքն` այդ բարիերը կարող է բնական ընկալվել։ Մարդը, որը միշտ բոլորին խաբել է, հանկարծ, իսկապես սիրահարվում է, բնական է, որ կաշկանդվում է։ Ելենան ինձ հետ չհամաձայնեց, բայց ես վստահ եմ` հեռուստադիտողները դա բնական են ընկալելու։ Հետագայում մեր բոլոր տեսարանները շատ լավ են ստացվել»,– նշեց նա։

Անդրադառնալով իր և Մերիի մասնակցությամբ անկողնային և համբույրի տեսարաններին` Ալեքսանդրը նկատեց, որ միշտ ասել է` սերիալում բաց տեսարաններում չի նկարահանվի։ «Ես նշել եմ, որ չեմ ուզում սերիալներում խաղալ բաց տեսարան։ Գեղարվեստական լավ ֆիլմում կխաղամ բաց տեսարան, որովհետև գեղեցիկ բաց տեսարանը էսթետիկ հաճույք է քո և հեռուստադիտողի համար։ Այս ֆիլմում ես ու Մերին խաղացինք շատ գեղեցիկ սիրային տեսարան։ Բավականին գեղեցիկ, էմոցիոնալ համբույրի տեսարաններ են եղել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է կնոջ` Լիլիթի արձագանքին` Ալեքսանդրն ասաց, որ ամուսնական կարգավիճակի թույլ տալ–չտալու հարցը չի քննարկվում, որովհետև ինքը դերասան է։ «Իմ կինն ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին կամ։ Բնականաբար, իմ ընտանիքն ինձ համար առաջին տեղում է, և ես չեմ ուզում կինս իրեն վատ զգա։ Նախագիծը կվերջանա, ընտանիքդ քեզ հետ է։ Ես և Լիլիթը խոսել ենք։ Բնական է, խանդը կա։ Միգուցե այդ տեսարանը տեսնելիս հոգու խորքում իրեն վատ զգա, որովհետև մենք հայ ենք, մի քիչ այլ մենթալիտետ ունենք, սակայն խնդիր չստեղծեց։ Ես իր արձագանքից հասկացա, որ հոգու խորքում չուզելով, ասաց` իհարկե, խնդիր չկա։ Մեծ հաճույքով կուզեր ասել` ոչ, սակայն չցանկացավ վնասել նախագծին, իմ խաղին։ Հաստատ գիտեմ, որ դրան կնայի որպես դերասանական խաղ, ոչ թե իր ամուսնու համբույր այլ աղջկա հետ»,– ասաց Ալեքսանդրը։








