«Դե ժպտա» երգի ստեղծման պատմությունն ու կարևոր ասելիքը
Վերջին 20 տարում Հայաստանում 1000–ից ավելի երեխա հաղթահարել է մանկական քաղցկեղը։ Օրերս լույս տեսած «Դե ժպտա» տեսահոլովակը` հայ հայտնիների մասնակցությամբ, հենց այս գաղափարն է փորձում հասցնել հասարակությանը։ Քաղցկեղը դատավճիռ չէ։
Դերասան Մկրտիչ Արզումանյանը, որը կանգնած է տեսահոլովակի ստեղծման ակունքներում, Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ տեսահոլովակի գաղափարը Մուրացան հիվանդանոցային համալիրի Քիմոթերապիայի կլինիկայի բժիշկներինն է։ «Որպես լավ ընկեր, առաջարկեցին, որ ես կոորդինացնեմ այդ ամենը։ Մեծ սիրով համաձայնեցի»,– ասաց Մկոն և հավելեց, որ չի եղել հայտնի մարդ, որ մերժi տեսահոլովակում ներկայանալու առաջարկը։
«Մեր նպատակն էր` ստեղծել դրական տեսահոլովակ։ Իմաստ այն էր, որ հնարավորինս դրական էմոցիաներ հաղորդենք այն բալիկներին, որոնք հիմա անցնում են այդ ճանապարհը։ Մենք ունենք 1000–ից ավելի երեխաներ, որոնք հաղթահարել են մանկական քաղցկեղը և հիմա նույնիսկ իրենց ընտանիքն ու երեխաներն ունեն»,– նկատեց դերասանը։

Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Այստեղ նկարահանվել են այն երեխաները, որոնք հիմա քաղցկեղը հաղթահարելու փուլում են։ «Կան երեխաներ, որոնք դեռ բուժման փուլում են, շատ զգայուն են, շուտ են հոգնում։ Ամեն ինչ շատ արագ կազմակերպեցինք, որպեսզի նրանք չհոգնեն։ Իհարկե, որոշ բալիկներ հոգնեցին, որովհետև նույնիսկ մեծերն են հոգնում այդ ամենից, սակայն ստացանք շատ դրական տեսահոլովակ։ Շատ ուրախ եմ, որ հիմա էլ կապի մեջ ենք երեխաների հետ։ Նրանք շատ տպավորված են արդյունքից»,– պատմեց Մկոն։
Մուրացան համալսարանական հիվանդանոցի բժիշկ-օրդինատոր Լիլիթ Սարգսյանն էլ փաստեց, որ երեխաները շատ ոգևորված են։ «Թե՛ նկարահանվելու ընթացքում, թե՛ հիմա, երբ անընդհատ տեսնում են իրենց էկրաններին, երեխաները շատ ոգևորված են։ Օրվա ընթացքում պարբերաբար նայում են տեսահոլովակը»,– ասաց նա ու հավելեց, որ տեսահոլովակն ուղղված է ոչ միայն երեխաների տրամադրության բարձրացմանը, այլև հասարակության իրազեկմանը։

«Քաղցկեղը դատավճիռ չէ։ Վաղ ախտորոշումը և գրագետ բուժումը շատ մեծ հնարավորություններ է տալիս լիարժեք բուժվելու համար։ Հասարակությունը պետք է պատրաստ լինի ընդունելու այն փաստը, որ, հնարավոր է, երեխային բուժել։ Մենք ունենք երեխաներ, որոնց ծնողները հրաժարվում են բուժումից, քանի որ հարևանն ասել է, որ երեխան չի բուժվի։ Մտածում են` ինչքան կապրի, թող ապրի։ Դա շատ կարևոր խնդիր է»,– նկատեց բժշկուհին։
Երգի հեղինակ Էդգար Ալեքսանյանն էլ նշեց, որ բարդ էր գրել այսպիսի ստեղծագործությունը։ Գլխավորը` թեմայի ընտրությունն էր։ «Մտածում էի` ինչ գրեմ, որ տրամադրություն բարձրացնի։ Քանի որ երբ մենք տխրում ենք, առաջինը ժպտն է հեռանում դեմքից, ընտրեցի ժպտալու թեման։ Շատ մեծ պատասխնատվությամբ եմ մոտեցել երգին։ Ես շատ էմոցիոնալ մարդ եմ, երգը լսելուց հետո էլ հուզվել եմ»,– ասաց նա ու հավելեց, որ Մկոյի մոտեցումը շատ պոզիտիվ էր և իրենց տանում էր դեպի դրականը։








