Փողային գործիքների միջազգային փառատոնը նպատակ ունի եվրոպական դպրոցի փորձը բերել Հայաստան
Կամերային երաժշտության տանը երեկ կայացավ Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի բացումը, որին նախորդած գլխավոր փորձին և մամուլի ասուլիսին ներկա է եղել Tert.am Life–ը։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Կարեն Դուրգարյանը նշեց, որ ընտրել են փողային գործիքները, որովհետև, գնահատելով Հայաստանում եղած ուսուցիչներին, կարծում են, որ մեր երկրում կա եվրոպական դպրոցի պակաս։ «Եվրոպական դպրոցն այս ոլորտում առաջատար է աշխարհում։ Փորձելու ենք շտկել Հայաստանում առկա բացը։ Փառատոնի շրջանակներում կայանալիք համերգներն ու վարպետության դասերը կխթանեն կրտսեր սերնդին ճիշտ ուղղության վրա դնելուն»,– ասաց Դուրգարյանը և հույս հայտնեց, որ հայ կոմպոզիտորները կսկսեն ավելի շատ ստեղծագործություններ գրել փողային գործիքների համար։
Փառատոնի պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը հայտնեց, որ հունիսի 25-30–ը վարպետության դասերին կարող են մասնակցել երաժշտական բոլոր դպրոցների սաները, Կոնսերվատորիայի ուսանողները։ Նրա խոսքով` դասընթացներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել երիտասարդ երաժիշտներ նաև արտերկրից։

Դուրգարյանը հայտնեց, որ փառատոնի ընթացքում կհնչեն նաև Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները. «Փորձում ենք այնպես անել, որ արտերկրից ժամանած գործընկերները նվագեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները»։
Փառատոնի բացումը վստահված էր Կամերային նվագախմբին` Վահան Մարտիրոսյանի և Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ։ «Շատ ուրախ ենք մասնակցելու այս փառատոնին։ Հպարտ ենք, որ բացումը մենք ենք անում։ Միաժամանակ նվագախումբը ղեկավարել է նաև Կարեն Դուրգարյանը։ Սա համատեղ համերգ էր։ Համոզված եմ, որ ապագայում ևս կհամագործակցենք»,– նշեց Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։
Մենակատար Արայիկ Ռուբինյանն էլ նկատեց, որ շատ հպարտ և ուրախ է, որ իրեն հրավիրել են մասնակցելու փառատոնին. «Ինձ բախտ վիճակվեց նվագելու Հարությունյանի «Տուբայի կոնցերտը» կամերային նվագախմբի երաժիշտների հետ»։

Խոսելով արտերկրից ժամանած հյուրերի մասին` Կարեն Դուրգարյանը նկատեց, որ փառատոնը խնդիր չի դրել հրավիրելու աշխարհահռչակ արտիստների։ «Տաղանդավոր մարդն ունենում է ավելի համեստ արդյունքներ։ Արտերկրից եկած մեր հյուրերն աշխատում են բարձրակարգ նվագախմբերում, դասավանդում են բարձրակարգ բուհերում»,– նկատեց նա։
Մարտին Ֆրուտիգերը ժամանակին Շվեյցարիայում դասավանդել է փառատոնի պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանին։ «Ես շատ հայ երաժիշտների եմ ճանաչում, շատերի հետ եմ աշխատել, սակայն Հայաստանում չէի եղել։ Անհամբեր սպասում էի այցիս։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ նվագելու եմ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ջեսիկա Դալսանտը, Շմավոն Գրիգորյանը, որն աշակերտել է ինձ Շվեյցարիայում»,– ասաց Մարտինը։
Ջեսիկան էլ նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և առաջին անգամ է աշխատում հայ երաժիշտների հետ։ «Շատ դրական տպավորություններ ունեմ։ Շատ հաճելի է աշխատել նվագախմբի հետ»,– ասաց նա։

Փառատոնային 5 օրվա ընթացքում սպասվում են նաև ելույթներ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում, Կոմիտասի թանգարանում, Արամ Խաչատրյանի թանգարանում, Նարեկացի արվեստի կենտրոնում։
Արդեն իսկ որոշվել է, որ փառատոնը դառնալու է ամենամյա։ Շմավոն Գրիգորյանը նկատեց, որ իրենց ակնկալիքներն ավելին, քան իրականացել են։ «Հուրախություն մեզ, ստացվեց ավելի, քան ակնկալում էինք։ Արձագանքներն աշխարհի տարբեր անկյուններից շատ էին։ Այս տարի մի փոքր սեղմեցինք ծրագիրը, հաջորդ տարի ավելի շատ մարդկանց հյուրընկալելու ակնկալիքով»,– ասաց նա։
Այս տարի Հայաստան են ժամանել մոտ 40 մասնակից 13 երկրից `Ռուսաստանից, Վրաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Պուերտո Ռիկոյից:








Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի







