Stand up–ի վերջին թողարկման թեմաներն ու անակնկալները
Ucom ցանցում գործող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում շաբաթ կցուցադրվի Stand up ժամանցային ծրագրի վերջին թողարկումը։ Սթենդափերները հեռուստադիտողի համար տարբեր թեմաների հետաքրքիր հումորային համարներ են պատրաստել։ Tert.am Life–ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Սարգիս Մնոյանը և սթենդափերներն ամփոփեցին առաջին եթերաշրջանը։
Սարգիս Մնոյան
Սպասելիքներս արդարացան։ Այն մեկը չէր, այլ մի քանիսը։ Ամենակարևորն այն է, որ մեր ռեզիդենտներից յուրաքանչյուրն ունի իր դեմքը և իր տեսակով նոր գույն է հաղորդում ծրագրին։ Stand up–ում շատ կարևոր է, որ մարդն իր տեսակով արդեն հետաքրքիր լինի։ Անհամեստություն չլինի, կարող եմ ասել, որ հիմնականում դրական կարծիքներ եմ լսել։ Ինչ վերաբերվում է վերջին թողարկմանը, ապա հեռուստադիտողին անակնկալ է սպասվում։ Սթենդափերների հիմնական կազմին ավելացել է ևս մեկը, որը շատ տաղանդավոր է և արդեն հասցրել է սիրվել մեր կողմից։ Չեմ ցանկանում բացահայտել ում մասին է, քանի որ մի փոքր իր ելույթի մեջ անակնկալ տարր կա, որը հատուկ վերջին թողարկման համար է։ Միայն կասեմ, որ նա հայտնի մարդ չէ։ Շատ հետաքրքիր անձնավորություն է։ Կարծում եմ շատերը նրան միանգամից կսիրեն։

Գուրգեն Հակոբյան
Առաջին եթերաշրջանի հետ կապված հույսերի ու սպասելիքների մեծ մասն արդարացան, քանի որ սա իրոք մեծ փորձ էր և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն, ներկայացնելով Stand Up ժանրը հեռուստատեսային հարթակից։ Թողարկման վերջին հաղորդմանը խոսել եմ հայերիս սնվելու մշակույթի մասին և առհասարակ սնվելուն առնչվող երևույթները մեր առօրյա կյանքում։ Հիմնականում կենտրոնանում եմ այն բաների վրա, որոնք ձևավորում են մեր հասարակության տարօրինակ կողմերը, ինչպես նաև դեպքեր, որոնք մեր կյանքում գրեթե ամեն օր պատահում են, բայց դրանց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում։

Աղաս Մանուկյան
Առաջին եթերաշրջանի սպասումներն ավելին, քան արդարացան։ Ինքս չէի պատկերացնում, որ այսպիսի մեծ ու դրական արձագանք կունենա Հայաստանում։ Դա նրանից է, որ հաղորդումը ունի Սարգիս Մնոյանի նման լավ պրոդյուսեր, որը կարողացել է ընտրել այնպիսի ռեզիդենտների, որոնք իրոք փայլում են բեմի վրա։ Բացառությամբ ես։ Համեստություն եմ անում էլի: Արձագանքների հետ կապված, իհարկե, լինում են նաև բացասական արձագանքներ, բայց գերակշռում է դրականը։ Վերջին հաղորդմանը խոսել եմ տարբեր թեմաներից։ Կոնկրետ թեմա չկա, որ նախընտրեմ։ Խոսում եմ հիմնականում այնպիսի բաների մասին, որ մարդիկ մտածում են` որտեղից եմ այսքանն իմանում։ Ի դեպ, ասեմ, որ ձևավորել եմ իմ թևավոր խոսքը`ա էդ ով են դրանք։ Մարդիկ արդեն սկսել են իրար նման ձև դիմել։

Մաշա
Stand up-ի առաջին եթերաշրջանը սպասվածիցս ավելին էր։ Մտավախություն ունեի, որ հանդիսատեսը չի հասկանա, չի սիրի, ի վերջո Հայաստանում հեռուստատեսային նոր ձևաչափ է այն։ Բայց այն սիրվեց և մեծ արձագանք գտավ։ Հիմնականում խոսում եմ կին–տղամարդ հարաբերությունների մասին, որը շատ ռիսկային թեմա է։ Մտածում էի, որ ինձ կքարկոծեն։ Իրականում շատ լավ ընդունվեց։ Իհարկե, հնարավոր չէ բոլորին դուր գալ, հաստատ կլինեն մարդիկ, որոնք բացասական կարտահայտվեն, բայց մինչ օրս շատ լավ կարծիքներ եմ լսել։ Վերջին նկարահանմանը խոսել եմ տղամարդկանց մասին։

Լյուսի
Քանի որ Stand up–ը բավականին սպեցիֆիկ ֆորմատի հաղորդում է և այն, կարելի է ասել, նորություն է հայաստանյան եթերում, բավականին տարբեր ակնկալիքներ ունեինք: Հիմնական մասով դրանք արդարացել են և անգամ արդյունքները գերազանցել են մեր սպասումները: Շատ մարդիկ հաճելի հետաքրքրություն էին ցուցաբերում հաղորդման նկատմամբ և նամակներով դիմում էին մեզ, թե ինչպես կարող են դիտել, եթե չունեն Յուքոմ: Դա շատ ոգևորիչ արձագանք էր մեզ համար: Հաղորդման վերջին նկարահանմանը խոսում էի ինձ նյարդայնացնող երևույթներից: Մյուս համարներս, ի տարբերություն վերջինի, մի քիչ ոչ ստանդարտ ֆորմատում էին և ոչ սովորական թեմաներով, իսկ խոսել այն բաներից, ինչը քեզ նյարդայնացնում է, իհարկե, հաճախ կարելի է հանդիպել: Այդուհանդերձ վերջին համարս էլ շատ ողջունվեց և ուրախացրեց ներկաներին, ինչպես նաև լավ արձագանքներ լսեցի նաև եթերից հետո: Սիրելի թեմաներ որպես այդպիսին չունեմ առանձնացրած, քանի որ ոգեշնչումն անսպասելիորեն է գալիս, և այդ պահին հուզող կարող է դառնալ ցանկացած թեմա: Իսկ հումորով ծավալվել և միշտ խոսել, կարծում եմ, կարող եմ այն իրականության մասին, որտեղ մենք ապրում ենք, քանի որ բոլորիս դա սրտամոտ է, երևույթները մեզ ծանոթ են և հասկանալի կլինեն բոլորի համար:








