«Մարդկանց հետաքրքիր է այն, ինչ անում եմ». Աննա Դովլաթյանը` դիզայներ դառնալու որոշման մասին
Երգչուհի Աննա Դովլաթյանը, որը վերջին շրջանում ներկայանում է նաև որպես դերասանուհի, նոր հետաքրքրություն ունի` դիմահարդարմանը զուգահեռ սկսել է զբաղվել հագուստի դիզայնով։ Tert.am Life–ի հետ զրույցում Աննան պատմեց, որ միշտ սիրել է նկարել, այդտեղից էլ սկիզբ է առել դիզայնով զբաղվելու ցանկությունը։
«Մինչև հագուստ կարելը միշտ պատկերացրել եմ` ինչ եմ ուզում և էսքիզներ եմ արել։ Ունեմ լավ դերձակ, որը կարում էր իմ մոդելավորած հագուստները։ Հիմա որոշել եմ ինքս նկարել, քանի որ իմ կարած հագուստները ներկայացնելուց հետո հասկացա, որ մարդկանց հետաքրքիր է այն, ինչ անում եմ»,– ասաց նա ու հավելեց, որ առայժմ միայն իր համար է կարում։
Աննայի խոսքով` պատվերների առաջարկներ ունի, սակայն դրանք կընդունի, երբ հմտանա նոր մասնագիտության մեջ։ «Առայժմ պատվերներ չեմ ընդունում, քանի որ ուզում եմ լինել պրոֆեսիոնալ և մաքսիմալ լավ անել աշխատանքս։ Ես իդեալիստ եմ։ Եթե մի բանը լիարժեք ես չեմ անում, չեմ կարող ասել, որ ես եմ դիզայները։ Եթե ուղղակի մի դետալ փոխեմ, դա չի լինի իմ աշխատանքը։ Ուզում եմ կտորի ընտրությունից մինչև բլանդն ինքնուրույն անել»,– նկատեց նա։

Սիրելին` դերասան Դավիթ Աղաջանյանը, աջակցում է ընկերուհուն։ «Իրեն դուր է գալիս այն, ինչ անում եմ, ամեն հարցում իմ կողքին է։ Անգամ ներկա է լինում այդ պրոցեսին, խորհուրդ է տալիս, որ վուլգար որևէ բան չանեմ, ամեն ինչ համեստ լինի»,– պատմեց Աննան։
Շոու բիզնեսում դիմահարդար և դիզայներ դառնալու տենդենց կա։ Թեև Աննան նախ սկսեց զբաղվել դիմահարդարմամբ, ապա դիզայնով, նա նկատեց, որ դա պայմանավորված չէ տենդենցներին հետևելով. «Ես չեմ նայում` ով ինչ է անում, ուղղակի անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս։ Հաճույքով եմ անում այն, ինչ կապ ունի ձեռքի աշխատանքի հետ, քանի որ մանկուց սիրել եմ նկարել»։
Բոլոր աշխատանքները համատեղել Աննայի համար բարդ է, սակայն փորձում է։ «Հագուստի դիզայնով զբաղվում եմ, երբ ազատ ժամանակ եմ ունենում։ Հիմա երգարվեստը կողքի եմ դրել, սակայն ուզում եմ ժամանակ գտնել և դրանով էլ զբաղվել։ Որ պահին սիրտս ինչ ուզում է, անում եմ»,– ասաց նա ու հավելեց, որ այժմ հաճույքի համար է աշխատում, շահույթի մասին կարող է խոսել ավելի ուշ։
.jpg?1498658474766)













