«Հայաստանի ձայնը» 4–րդ եթերաշրջանում կունենա ժյուրիի հետաքրքիր կազմ

17:59 • 04.07.17

 

Մոտ 3 տարվա ընդմիջումից հետո «Հայաստանի ձայնը» նախագիծը վերադառնում է հեռուստաեթեր և կբացահայտի տաղանդավոր ու հետաքրքիր նոր արտիստների։ Հաղորդման գործընկերը Ucom ընկերությունն է։ Մեծ մասսայականություն վայելող նախագիծն այս անգամ կներկայանա նոր տաղավարով, ժյուրրիի թարմացված կազմով։

 

Tert.am Life–ի հետ զրույցում նախագծի գլխավոր պրոդյուսեր Իրինա Վարդանյանն ասաց, որ այս եթերաշրջանում ժյուրիի 3 անդամները նոր են։

 

«Նախորդ եթերաշրջաններից ժյուրիի մեկ  փորձված անդամ ունենալը կանոնակարգով է պայմանավորված։ Մյուս երեքը նոր են։ Որոշեցինք այս անգամ նոր բան անել։ Այն, ինչ «Հայաստանի ձայնի» ժամանակ անում կամ ասում են ժյուրիի անդամները, բացարձակ կապ չունի իրենց ստեղծագործական կյանքի հետ։  Նախագծում բացահայտվում են երգչի թե՛ մարդկային կողմերը, թե՛ որպես մարզիչ կարողությունները, երևակայությունն և ունակությունները։ Կարծում եմ` դրանով իսկ կլինի հետաքրքիր»,– նկատեց պրոդյուսերը։

 

 

Մասնակիցները ոգևորությամբ են սպասում լսումների փուլին։ Ոմանք վստահ են իրենց ուժերին, ասում են` եկել են հաղթելու համար, ոմանք էլ երկմտում են կանցնե՞ն հաջորդ փուլ, թե ոչ։ Գլխավոր պրոդյուսերի խորհուրդը մեկն է` լինել հետաքրքիր և չկրկնվող։ «Հայաստանի ձայնը» փնտրում է տաղանդավոր երիտասարդների, որոնք ունեն նոր ասելիք։ «Հոլանդական Տալպա ընկերության կողմից աշխարհահռչակ «Ձայն» նախագիծը առաջին հերթին փնտրում է վառ ձայներ և ուժեղ վոկալային տվյալներ: Երբ երգիչն առաջին անգամ բարձրանում է մեծ բեմ և ելույթ ունենում կենդանի հնչողությամբ, բոլորովին այլ զգացողություն է։ Մենք իրենց կողքին ենք և կփորձենք անել ճիշտ ընտրություն, որից հետո մասնակիցների հետ կաշխատեն մեր պրոֆեսիոնալ վոկալիստները»,– ասաց նա։

 

Դիմորդները նախ կանցնեն ոչ հեռուստատեսային լսումների փուլը։ Կընտրվի մոտ 200 մասնակից, որոնց լսումների տեսանյութերը կազմակերպիչները կուղարկեն Հոլանդիա` «Ձայնը» նախագծի գլխամաս։ Հենց այնտեղ էլ կընտրվեն 125 մասնակից, որոնք կմասնակցեն «Կույր լսումների» փուլին։

 

Իրինա Վարդանյանը նկատեց, որ այս տարի մասնակիցների թիվն անհամեմատ ավելի մեծ է։ «Նախորդ եթերաշրջաններում 1000-1500 մասնակից ենք ունեցել, այս անգամ թիվը կրկնակի է։ Նախկինում շատ էին մասնակիցներ արտերկրից։ Այս անգամ շատ են դիմորդները Հայաստանից, ինչը շատ է ուրախացնում»,– ասաց նա ու հավելեց, որ կան նաև մասնակիցներ, որոնք փորձել են կրկին փորձել ուժերը։

 

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

«Հայաստանի ձայնը» 4–րդ եթերաշրջանում կունենա ժյուրիի հետաքրքիր կազմ