Ինչու Լիլիթ Հարոյանը փոխարինեց Անի Խաչիկյանին «IԱռավոտ»–ում
ATV-ի հեռուստաալիքի եթերում «IԱռավոտ» հաղորդումն այսուհետև նոր հաղորդավարուհի ունի ի դեմս Լիլիթ Հարոյանի։ Վերջինս եթերում կլինի Անի Խաչիկյանի փոխարեն։ Այսօրվա եթերը խորհրդանշական էր. Անին ու Լիլիթը միաժամանակ էին եթերում։«IԱռավոտ»-ի տաղավարում դրական մթնոլորտ էր։ Անձնակազմը տորթով և գինիով բարի ճանապարհ ու հաջողություններ մաղթեց Անիին, իսկ Լիլիթին ասաց բարի գալուստ։
Tert.am Life–ը եղել է հաղորդման նկարահանման հրապարակում և իր ընթերցողներին է ներկայացնում հաղորդավարական կազմի փոփոխության պատճառները։
Հաղորդման պրոդյուսեր Հովհաննես Թովմասյանը նշեց, որ «IԱռավոտ»-ից հեռանալու որոշումն Անիինն էր։ «Կարծում եմ` Անին դեռ շատ բան ուներ վերցնելու այս նախագծից, սակայն համաձայն եմ իր ցանկացած որոշման հետ, քանի որ նրան ընդունում եմ որպես շատ հարազատ մարդ։ Շատ ուրախ էի համագործակցել իր հետ։ Նա շատ տաղանդավոր անձնավորություն է և շատ ասելիք ունի։ Ի սկզբանե, մեզ պետք էր, որպեսզի հաղորդավարուհին լինի երիտասարդ, սիրված և ունենա միջուկ` տեսակ, ասելիք։ Այդ սկզբունքով էլ ընտրեցինք Անիին»,– ասաց Հովհաննեսը։

Իր հերթին Անին նշեց, որ շատ բան է սովորել «IԱռավոտ»-ից, սակայն սիրում է ամեն անգամ նոր խնդիրներ դնել իր առջև և հաղթահարել դրանք։ 1 տարի ամեն օր ուղիղ եթերում լինելուց հետո որոշել է գնալ դեպի նոր փորձություններ։ «Կարծում եմ` արդարացրել եմ այն հույսերը, որոնցից ելնելով Հովհաննեսն ընտրել է ինձ։ Երբ սկսում ես անել մի բան, որն արդեն ստացվում է քեզ մոտ և սովորական է դարձել, ինչ–որ պահի վտանգ կա, որ այլևս քո առաջ չես դնի նոր խնդիրներ, որոնք հաղթահարելու դեպքում կունենաս առաջընթաց և զարգացում։ Մեծ պատասխանատվություն է ամեն օր իմանալ, որ ուղիղ եթերում պետք է լինես։ Գուցե, դրան գումարվեց իմ ծանրաբեռնվածությունը թատրոնում և ֆիլմերում, ու զգացի, որ ֆիզիկապես չեմ կարողանում հասցնել ամեն բան»,– ասաց Անին։
Անդրադառնալով Լիլիթի ընտրությանը` Հովհաննեսը նկատեց, որ սա առավոտյան ծրագիր վարելու Լիլիթի առաջին փորձը չէ։ «Լիլիթը շատ հետաքրքիր մարդ է։ Շատ ավելի հետաքրքիր, քան մարդիկ իրեն ընկալում են։ Ինչպես Անին, այնպես էլ նա գեղեցկուհի է։ Հաճախ, տղամարդիկ չեն նկատում գեղեցիկ կանանց ներաշխարհն ու մտածելակերպը։ Լիլիթի արտաքինը գնահատելի է և անհրաժեշտություն եթերում, սակայն նրա մեջ նկատել և գնահատել էի ըմբոստ ոգին, հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, տարատեսակ զբաղմունքները, ոչ ավանդական մոտեցումը կյանքին։ Հուսով եմ, որ Լիլիթի համար սա լավ հնարավորություն կլինի իրեն դրսևորելու»,– նկատեց պրոդյուսերը։

Լիլիթն էլ նշեց, որ լիահույս եկել նոր հաղորդմանը. «Այսօր, երբ մտանք ուղիղ եթեր, տպավորություն էր, կարծես այդ դադարը չէր եղել, սակայն փոփոխություն, իհարկե, կա։ Կարծում եմ` ես հիմա շատ ավելի հասուն եմ, քան այն ժամանակ, որովհետև տարիներ են անցել։ Շնորհակալ եմ Հովհաննեսին, որ հավատաց ինձ և հնարավորություն ընձեռեց ամեն առավոտ հեռուստադիտողին ասելու` բարի լույս»։
Ի դեպ, Հովհաննեսը մտադիր է նախագծում օգտագործել Լիլիթի վարպետությունները։ Օգոստոսին անձնակազմը կգնա արձակուրդ, իսկ աշնանը մեկնարկող եթերաշրջանում նախատեսում են 2 նոր բաժին ունենալ, առաջինը սպորտային ուղղվածությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիլիթը յոգայի մարազիչ է, երկրորդը` ֆինանսատնտեսական։ Հովհաննեսը խոստանում է հաջորդ եթերաշրջանում էլ հետաքրքիր լինել հեռուստադիտողների համար։



Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի







