Իրինա Թովմասյանի դստեր` Մեգգիի հաջողությունները միջազգային մրցույթում

17:50 • 07.07.17

 

Բաթումիում կայացել է Gold star  միջազգային  փառատոնը, որին մասնակցել է նաև Հայաստանը. «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանն ու դուստրը՝ Մեգգին, ևս Վրաստանում են։ Պարզվում է` Մեգգին հաջողություններ է ունեցել միջազգային մրցույթի ընթացքում։ Իրինան այդ մասին անդրադարձը վստահել է Tert.am Life–ին։

 

Նա հայտնեց, որ Մեգգին ներկայացել է 12-15 տարիքային խմբի վոկալային մրցույթում և զբաղեցրել 2–րդ տեղը։

 

Ըստ կանոնակարգի` պատանի երգչուհին կենդանի կատարմամբ ներկայացրել է 2 երգ` մեկը սեփական երգացանկից, մյուսը` համաշխարհային հիթ։ Մեգգին  կատարել է  իր «Չեմ ուզում» երգը և Էլվիս Փրեսլիի  Blue Suede Shoes հիթը։

 

 

Իրինան նշեց, որ սա իրենց միակ հաջողությունը չէր։ Փառատոնի առաջին օրը կայացել է պարային մրցույթ, որում հաղթել է Հայաստանից  SALSA խումբը։ Նա հպարտությամբ հայտնեց, որ դուստրը խմբի պարուհիներից մեկն է։ «Այնքան էին հավանել պարային համարը, որ խնդրեցին մրցանակաբաշխությունից առաջ ևս մեկ անգամ ներկայացնել այն»,– նշեց Իրինան ու հավելեց, որ պարուսույցներն են Արտյոմ Գևորգյանը և Գևորգ Դոխոլյանը։

 

Մեգգին էլ նշեց, որ այս համերգն առաջին հերթին ևս մեկ առիթ էր իր պարի ընկերների հետ շատ լավ ժամանակ անցկացնելու ու լիցքաթափվելու։ «Քանի որ արդեն 3–րդ անգամ ենք մասնակցում նման փառատոնների և միշտ հաղթանակած ենք վերադարձել, ակնկակում էինք հաղթանակ։ Այս անգամ նույնպես շատ լավ պատրաստված համարներ էինք ներկայացրել»,– ասաց նա։

 

Իրինան հայտնեց, որ հաջորդ տարի նախատեսում են փառատոնն անցկացնել Հայաստանում։

 

 

Իրինա Թովմասյանի դստեր` Մեգգիի հաջողությունները միջազգային մրցույթում