8 տարի անց Մենչը գտավ Քրիստինա Եղոյանին և իրականացրեց «Դեպի երազանք» նախագիծը
«Դեպի երազանք». այսպես է կոչվում Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի նոր հեռուստանովելը, որի պրոդյուսերը Արմեն Պետրոսյանն է` Մենչը։ 25 մասանոց հեռուստանովելի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Քրիստինա Եղոյանը, որը շատ սիրվեց «Ֆուլ հաուս» սիթքոմում մարմնավորած Զառայի կերպարով։
Tert.am Life–ի հետ զրույցում Մենչը պատմել է նախագծի մանրամասները ու հայտնել, որ մելոդրաման մասնագիտական զարգացում ունի։ Այն մի աղջկա մասին է, որն ունի շատ մեծ երազանք` դառնալ երգչուհի։ «Փորձում ենք ցույց տալ, որ եթե մարդն աշխատում է, հասնում է իր երազանքին։ Հեռուստադիտողները կտեսնեն, որ երգչուհի, դերասանուհի դառնալու համար պետք է երկար ճանապարհ անցնել, սակայն անհնարին ոչինչ չկա։ Երազանքներն իրականանում են»,– պատմեց պրոդյուսերը։
Քրիստինան նախագծում նաև երգում է։ Հատուկ այս հեռուստանովելի համար գրվել է 3 նոր երգ, որոնք հեղինակել է Արման Անտոնյանը։ «Այս նախագիծն ինձ մոտ կար մոտ 8-9 տարի, սակայն դրված էր դարակում։ Ռիսկ չէի արել մոտենալ սրան նախ, որովհետև չէի գտել հերոսուհուն։ Ես չէի ուզում ինչ–որ մեկը խաղա կերպարը, բայց իր փոխարեն ուրիշը երգի։ Ուզում էի լիներ մարդ, որը և՛ կխաղա, և՛ կերգի։ Քրիստիկը ունի վոկալային լավ տվյալներ։ Նա մոտ մեկ ամիս հաճախեց վոկալի դասերի և փոքրիկ շտկումներ անելուց հետո իր մոտ ամեն ինչ ստացվեց»,– պատմեց պրոդյուսերը։

Մենչի համար այս նախագիծն էքսպերիմենտալ է. «Ինձ համար ժանրային փոփոխություն է, չնայած կա էլեմենտ, որն ինձ հոգեհարազատ է` կապված երգարվեստի հետ։ Փորձում ենք ցույց տալ ոլորտի ոչ միայն դրական, այլև բացասական կողմերը»։
Նախագիծը որոշակի փակագծեր կբացի շոու բիզնեսի ներքին խոհանոցի մասին։ Այն մոտ է իրականությանը և հեռուստադիտողներին հնարավորություն կտա ընդհանուր պատկերացում կազմել` ինչ է կատարվում երգիչների կյանքում էկրանից այն կողմ։ «Ֆիլմում ցույց կտանք երգիչ–երգահան–պրոդյուսեր հանդիպումները։ Ընդ որում` կունենանք հայտնի մարդիկ, որոնք կմարմնավորեն իրենք իրենց, օրինակ` կայացած երգիչ Միհրան Ծառուկյանը, դիզայներ Ֆաինա Հարությունյանը, երգիչ Արսեն Սաֆարյանը, որն իրական կյանքում էլ ակումբ ունի, հերոսուհին աշխատանքի է անցնում հենց իր ակումբում։ Մենք փորձում ենք ցույց տալ, որ կան և՛ լավ, և՛ վատ պրոդյուսերներ, երգահաններ։ Ամեն բան գունավոր չէ։ Կան շատ դժվարություններ։ Ինչ–որ մեկը, հնարավոր է, կեսից կոտրվի, մեկ ուրիշը` իր մեջ ուժ գտնի դեպի երազանքը գնալու»,– ասաց պրոդյուսերը։

Մենչը նկատեց, որ իրենց կարևոր շեշտադրումներից է նաև չարտագաղթելը. «Փորձում են ցույց տալ, որ Հայաստանում էլ կարելի է հաջողության հասնել։ Սկզբում կանգնած է երկընտրանքի առաջ` արտագաղթե՞լ, թե՞ ոչ։ Նա որոշում է մնալ Հայաստանում, իսկ վերջում հասնում է հաջողությունների և հայրիկին էլ վերադարձնում հայրենիք»։
Ֆիլմում խաղում են նաև Կարեն Ասլանյանը, Յուլյա Ֆինկը, Շուշան Երիցյանը, Գագիկ Մադոյանը, Լևս Դավթյանը, Տաթև Սարգսյանը, Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը և այլք։ Նախագծի մեկնարկը կտրվի հուլիսի 31–ին։











Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի







