Մերի Քոչարյանը` «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում իր կերպարի ու զավեշտալի կոնֆլիկտների մասին
Պատանի երգչուհի Մերի Քոչարյանին շատերը կհիշեն «Մանկական նոր ալիք-2015» միջազգային մրցույթից, որտեղ Մերին զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Բացի դպրոցական դասերից Մերին հաճախում է պարի և երգի դասերի։ Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիումի» աշնանային եթերաշրջանում Մերիին կտեսնենք «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց ֆիլմում: Այս մասին Tert.am Life–ի հետ զրույցում հայտնեց Մերին։
«Երաժշտական մյուզիքլի մասին տեղեկացել եմ Գրիգոր Կյոկչյանից։ Վերջինիս խորհրդով մասնակցեցի քասթինգի։ Սկզբում մտածում էի, որ չեմ անցնի, քանի որ հարյուրավոր երեխաներ էին մասնակցում։ Բայց այնպես ստացվեց, որ նախագծի մասնակիցներից մեկը ես դարձա, որի համար շատ ուրախ եմ։ Իրականում նկարահանումներն անցնում են շատ հետաքրքիր և զվարճալի, քանի որ բոլորը իմ ընկերներն են, գրերթե բոլորի հետ մինչև մյուզիքլը ծանոթ եմ եղել։ Բավականին հեշտ է նրանց հետ»,– ասաց Մերին։

Պատմելով իր կերպարի մասին` Մերին նշեց, որ իր կերպարը բավականին խելացի, հավասարակշռված է։ «Ես ունեմ քույր, որ իմ հակապատկերն է։ Նրա հետ միշտ կոնֆլիկտի մեջ եմ ընկնում։ Ամենածիծաղելի դրվագները զարգանում են մեր կռիվների ժամանակ։ Քույրս շատ ավելի ազատ ու գլամուր տեսակ է»,– հավելեց երգչուհին։
Մերին նշեց, որ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլը ուսուցողական բնույթի է։ «Մասնակիցները փորձում են ամեն դժվարությունից դուրս գալ իրենց ընկերասիրության ու հնարամիտության շնորհիվ։ Երեխաների համար շատ հետաքրքիր կլինի դիտել այն։ Նրանք կսովորեն նոր երգեր և ոչ միայն»,– ավելացրեց նա։
Մերի խոսքով` սա իր առաջին փորձը չէ։ «Ես տարբեր ֆիլմերում եմ նկարահանվել ու հենց կատակերգական ժանրում։ Այն ինձ համար հոգեհարազատ ժանր է դարձել։ Երբ առաջին անգամ նկարահանվեցի ֆիլմում, հասկացա, որ այն ինձ դուր է գալիս։ Փորձեցի երգարվեստի հետ համատեղել։ Կարծում եմ ինձ մոտ ստացվում է»,– եզրափակեց Մերին։










