ATV–ին դադարեցնում է հնդկական հեռուստասերիալի ցուցադրությունը. հեռուստաընկերության տնօրենը մանրամասներ է հայտնում Tert.am Life–ին

20:04 • 11.07.17

Հուլիսի 24-ից ATV–ին կդադարեցնի հեռարձակել հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալը՝ չսպասելով դրա ավարտին: 9 ամիս առաջ հեռուստաընկերությունը առաջիններից էր, որ ցուցադրեց հնդկական հեռուստասերիալ, բայց այսօր այն փոխում է իր ռազմավարությունը` կարևորելով տեղական արտադրանքը։ Այս մասին Tert.am Life–ի հետ զրույցում հայտնեց ATV–ի գլխավոր տնօրեն Ռուբեն Արամյանը։

 

«Մենք որոշեցինք դադարեցնել հնդկական հեռուստասերիալի ցուցադրությունը, քանի որ այն սկսեց խանգարել սեփական արտադրանքի զարգացմանը։ Հնդկական սերիալներ ցուցադրելը հեռուստաալիքի համար նշանակում է ավելի քիչ ծախսերով ավելի ռեյթինգային ծրագիր ունենալ, բայց դա նշանակում է նաև աստիճանաբար կրճատել սեփական արտադրությունը։ Որպեսզի մեր արտադրանքը չտուժի, պետք է աշխատենք ձերբազատվել օտար ծրագրերից և ստեղծենք մերը։ Սա, իհարկե, չի նշանակում, որ այլևս ցույց չենք տա ամերիկյան ֆիլմեր կամ չենք կրկնօրինակի միջազգային հաղորդումներ»,– ասաց Ռուբեն Արամյանը։

 

 

Վերջինս նկատեց, որ հայկական հեռուստասերիալները զիջում են հնդկականներին և՛ որակով, և՛ ռեսուրսով, սակայն վերջին 10 տարվա ընթացքում հայկական արտադրանքը զգալի որակական աճ է գրանցել։ «Ավելացել է ներքին մրցակցությունն ու լավ մասնագետների  քանակը` չնայած, որ հոնորարները նույն են մնացել»,– ավելացրեց նա։

 

Հեռուստաընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ հնդկական հեռուստասերիալը փակելուց հետո հայկական նոր հեռուստասերիալ չի լինի։ «Կա՛մ լուրերի բաժինը կընդլայնենք, կա՛մ նոր հաղորդում կթողարկենք։ Դեռ հստակեցված չէ, բայց դրա փոխարեն նոր հայկական սերիալ չի լինի»,– եզրափակեց տնօրենը։

 

ATV–ին դադարեցնում է հնդկական հեռուստասերիալի ցուցադրությունը. հեռուստաընկերության տնօրենը մանրամասներ է հայտնում Tert.am Life–ին