«Ոսկե ծիրան» գլխավոր 2 մլն դրամ մրցանակին արժանացավ հնդիկ ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարան
Երևանը 7 օր կինոյով ապրեց, կինոաշխարհի ներկայացուցիչ սփյուռքահայերի և արտասահմանցի հյուրերի ընդունեց, ծիրան հյուրասիրեց և ցուցադրեց բազմաժանր ֆիլմեր։ Այսօր` հուլիսի 15–ին, կայացավ «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը։ Կարմիր գորգից հետո հանդիսավարներ Արսեն Գրիգորյանն ու Լուիզա Ղամբարյանն ազդարարեցին մրցանակների հանձման արարողությունը:
«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարան Հնդկաստանից՝ «Ցանկալի Դուրգան» ֆիլմի համար: Նրան պարգևատրեցին 2մլն դրամ:
«Խոսքեր չեմ գտնում ասելու, քանի որ շատ հուզված եմ: Ինձ համար «Ոսկե ծիրանին» մասնակցելն արդեն հաղթանակ էր: Մենք այս օրերի ընթացքում հասցրեցինք վայելել ձեր հիասքանչ քաղաքը, հայկական ուտեստները և երևանյան գիշերները: Այո, մեզ մոտ Հնդկաստանում չի թույլատրվում երեկոյան ժամը 8-ից հետո դուրս գալ փողոց: Այստեղ այդպես չէ: Շնորհակալ եմ ձեզ: Իսկապես, չէի պատկերացնի, որ կարժանանամ գլխավոր մրցանակի»,- ասաց հնդիկ ռեժիսորը:
Փակման արարողությունը նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:
Փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը նշեց, որ տխրում է, որ այսօր հայտնում է փառատոնի փակումը: «Այս օրերի ընթացքում մենք մտահոգվում էինք մեր հյուրերի համար, որ իրենք իրենց տանը զգան: Իսկ այսօր եկավ փառատոնն ավարտված հայտարերելու ժամանակը: Այս 7 օրերը համարենք հաջողված և երջանկության օրեր: Մենք բոլորս վայելեցին ֆիլմեր, հանդիպումներ, զրույցներ, ջերմություն և ծիրան»,- նշեց Հարություն Խաչատրյանը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ցանկալի Դուրգան», ռեժ. Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Արաբիա», ռեժ.Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Վեսթերն», ռեժ.Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ուրվականների որս», ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Դերդո մայրիկը և ընկուզենին», ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Գյուղացիներ», ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա)
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Խաղարկային
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ. Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան)
Վավերագրական
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ձյուն կար», ռեժ.Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Օրիժին», ռեժ. Աշոտ Մկրտչյան (Հայաստան)
Կարճամետրաժ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինյան (ԱՄՆ)
Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ», ռեժ.Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)
FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում տարբեր երկրների ժյուրիներ են ընդգրկվել` Մեծ Բրիտանիաից, Կոլումբիայից, Ռուսաստանից, Հունգարիայից, ԱՄՆ–ից, Նիդերլանդներից, Իտալիայից, Մակեդոնիայից, Վրաստանից, Գերմանիայից և Հայաստանից։











