Աշոտ Ղազարյանի թոռնուհին` Անահիտը` «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում իր դերի մասին

15:29 • 17.07.17

«Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակակիր13–ամյա Անահիտ Ադամյանը, որ Աշոտ Ղազարյանի թոռնուհին է, նկարահանվում է «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում։ Անահիտը Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, որ Մյուզիքլի քասթինգին մասնակցել է պապիկի խորհրդով։

 

««Մանկական Նոր ալիք-2017» մրցույթից հետո ծնողներիս հետ որոշել էինք մեր հանգիստն անցկացնել Երևանում, հետո` ԱՄՆ–ում։ Երբ Երևանում էի պապիկս ինձ խորհուրդ տվեց մասնակցել երաժշտական մյուզիքլին։ Մեծ սիրով մասնակցեցի քասթինգին և անցա։ Իրականում, չեմ փոշմանել, որ մայրիկիս ու հայրիկիս հետ չեմ գնացել Ամերիկա, քանի որ այստեղ էլ մենք շատ լավ ժամանակ ենք անցկացնում։ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում շատ ընկերներ եմ ձեռք բերել»,– ասաց Անահիտը։

 

Վերջինս պատմեց իր կերպարի մասին. «Կերպարս գլամուր աղջիկ է, որը իր ողջ ժամանակն անցկացնում է սոցիալական ցանցերում, իր կյանքն առանց դրանց չի պատկերացնում, առօրյա խոսքում ցիտում է համացանցային աֆորիզմներ, մշտապես ուղիղ եթերում է, ինքնազգացողությունն ուղիղ համեմատական է հավաքած լայքերի քանակից և սիրում է անընդհատ սելֆիներ անել։ Նա ունի մի քույր, որը ճիշտ իր հակապատկերն է։ Խաղընկերս Մերի Քոչարյանն է։ Նրա հետ հենց այստեղ եմ ծանոթացել և արդեն ընկերացել ենք։ Մենք միասին նախքան նկարահանվելը միշտ քննարկում ենք ու որոշում` ինչպես խաղալ, որ տեսարանում ինչպես մենք մեզ պահենք և այլն»,–նշեց Անահիտ։

 

 

13–ամյա երգչուհու խոսքով`  «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում նկարահանվելն իր համար մեծ փորձ է։ «Առաջին անգամ եմ նկարահանվում հեռուստատեսային նախագծում։ Ինձ դուր են գալիս նկարահանումները, բայց հետագայում չգիտեմ կշարունակեմ այս ոլորտում հանդես գալ, թե` ոչ։ Ինձ համար առաջնայինը երգն է»,– նկատեց նա։

 

Անահիտը նշեց, որ պապիկն իրեն շատ խորհուրդներ է տալիս` ինչպես իրեն դրսևորի նկարահանման հրապարակում։ « Երբ նկարահանումից տուն եմ գնում միշտ հարցուփորձ է անում, թե ինչպես է անցել այսօր։ Նրա հետ միշտ կիսվում եմ տպավորություններովս։ Պապիկս ասում է, որ հանկարծ չկաշկանդվեմ ու չամաչեմ։ Համարձակ ձևով անեմ այն, ինչ ինձ հանձնարարում է ռեժիսորը»,– ասաց երգչուհին։

 

Հիշեցնենք, որ «Նվագախմբի երեխաները» կցուցադրվի շուտով Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիումի» եթերում։

 

 

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

 

Աշոտ Ղազարյանի թոռնուհին` Անահիտը` «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում իր դերի մասին