«Նարեն վախենում է սիրո համար պայքարել». Քրիստինա Եղոյանը` «Դեպի երազանք» հեռուստանովելում իր կերպարի մասին

16:58 • 17.07.17

Դերասանուհի Քրիստինա Եղոյանը, որը հայտնի է «Ֆուլ հաուս» սիթքոմից, նկարահանվում է 25 մասանոց «Դեպի երազանք» հեռուստանովելում։ Նա մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը։ Tert.am Life–ի հետ զրույցում Քրիստինան խոսեց իր կերպարի մասին և ոչ միայն։

 

«Մարմնավորում եմ մի աղջկա, որը ծնվել ու մեծացել է գյուղում: Նրա անունը Նարե է: Նա շատ խելացի, դաստիարակված, երազկոտ, միամիտ  և համեստ աղջիկ է։ Նա մի օր գալիս է Երևան և հայտնվում իրադարձությունների կենտրոնում: Նարեն պայքարում է ապրելու, գոյատևելու և երազանքներն իրականացնելու համար։ Նա Երևանում սիրահարվում է մի հարուստ տղայի։ Շատերը նրանց փորձում են խանգարել և բաժանել, բայց Նարեն վախենում է պայքարել հանուն սիրո։ Նա երազում է իր գրած երգը ձայնագրել ու նվիրել իր մայրիկի մահվան տարելիցին։ Նա ցանկանում է մոր մասին հիշողությունները երգ դարձնել»,– ասաց Քրիստիան։

 

 

Հատուկ այս հեռուստանովելի համար գրվել է 3 նոր երգ, որոնք հեղինակել է Արման Անտոնյանը։ Քրիտինան նշեց, որ հատուկ հեռուստասերիալի համար նա երգի դասընթացների է գնացել։ «Ես վաղուց եմ երգում, պարզապես վերջին ժամանակներս զբաղված էի նկարահանումներով և ժամանակ չէի կարողանում հատկացնել երաժշտությանը։ Երբ առաջարկ ստացա նկարահանվել «Դեպի երազանք»  նախագծում, նորից վերականգնեցի դասերս, որպեսզի լավ ներկայանամ հեռուստադիտողին»,– հավելեց նա։

 

Դերասանուհին նշեց, որ «Դեպի երազանք» հեռուստանովելում խաղալն իր համար նորություն էր. «Դրամա ժանրում առաջին անգամ եմ ներկայանում։ Ինձ համար շատ հետաքրքիր էր խաղալ և կարող եմ ասել, որ շատ եմ սիրել կերպարս: Այն բավականին տարբերվում է այն կերպարից, որը մինչ այդ տեսել է հեռուստադիտողը և այս դեպքում մարդիկ կհասկանան, որ Զառայի կերպարը իրականում միայն կերպար է և մենք նմանություն չունենք: Հուսով եմ, որ լավ կընդունվի, որովհետև արել եմ առավելագույնս կերպարը պրոֆեսիոնալ ներկայացնելու համար։ Բացի այդ, նախագծում շատ դերասանների հետ եմ աշխատել, հետաքրքիր էր զգալ յուրաքանչյուրի էներգետիկան։ Ինձ համար բացահայտել եմ դերասանների, որոնք շատ լավ խաղընկեր են»,– եզրափակեց Քրիտինան։

 

«Նարեն վախենում է սիրո համար պայքարել». Քրիստինա Եղոյանը` «Դեպի երազանք» հեռուստանովելում իր կերպարի մասին