Անահիտ Շահբազյանը, Գուրգեն Դաբաղյանը, Նարե Գևորգյանը և այլք` Եվա Եգանյանի ձայնասկավառակի շնորհանդեսին

12:34 • 01.08.17

Օրերս տեղի է ունեցել երգչուհի Եվա Եգանյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը, որին մասնակցել են անվանի երաժիշտներ, երգիչներ, երգահաններ, մտավորականներ։ «Էլի գարուն կգա» ձայնասկավառակը ներառում է 14 երգ, այդ թվում՝ 2 զուգերգ. մեկը Սամսոն Պանյանի, մյուսը՝ Հարութ Փամբուկչյանի հետ։ Tert.am Life–ի հետ զրույցում Եվան նշեց, որ այս ձայնասկավառակում ընդգրկված են մոտ երկու տարվա աշխատանքներ։

 

 «Ձայնասկավառակի անունը պատահական  չի ընտրված: Չարենցի խոսքով՝ «Էլի գարուն կգա» երգի երաժշտության հեղինակը ես եմ։ Որոշեցի հենց դա առանձնացնել որպես սկավառակի խորագիր»,– ասաց Եվան։

 

Շնորհանդեսը սկսվեց փոքրիկ համերգով, որը վարում էր հաղորդավար Վրույր Թադևոսյանը։ Այնուհետև Եվան «Մագա դանս» և «Սասուն» ազգագրական խմբերի պարերի ուղեկցությամբ հանդիսատեսին նվիրեց իր կատարումները։ Երաժշտական մասի ավարտից հետո Եվան բոլոր հյուրերին նվիրեց իր ստորագրությամբ ձայնասկավառակը։ Շնորհանդեսի ժամանակ երգչուհին հյուրերին ներկայացրեց նաև տեսանյութ, որտեղ ներառված են բացառիկ նկարահանումներ իր անձնական արխիվից՝ մանկապարտեզից մինչև ակադեմիական բեմ։

 

 

Այս շրջանում Եվան ակտիվ համերգային շրջագայությունների մեջ է։ Լինելով տարբեր երկրներում՝ հայկական սփյուռքի տարբեր համայնքներում, երգչուհուց հետաքրքրվեցինք, թե ինչ վերաբերմունք ունի այսօր հանդիսատեսը ժողովրդական երգին։

 

«Վստահ կարող եմ ասել, որ ժողովրդական երգն ունի մեծ պահանջարկ:  Եթե  նախկինում այն լսում էին միայն մեծահասակները, ապա  այսօր ժողովրդական երգն ընդլայնել է իր լսարանը: Բազմաթիվ երիտասարդներ հետաքրքրված են երգարվեստի այս ճյուղով: Դրա վառ ապացույցը մեր  բազմաթիվ համերգներն են, որտեղ ներկա  են գտնվում ամենատարբեր սերունդների ներկայացուցիչներ»,–հավելեց երգչուհին։

 

Ի դեպ, նշենք, որ Եվան առաջիկայում պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել ձայնասկավառակում ընդգրկված երգերից մեկի հիման վրա։

 

Անահիտ Շահբազյանը, Գուրգեն Դաբաղյանը, Նարե Գևորգյանը և այլք` Եվա Եգանյանի ձայնասկավառակի շնորհանդեսին