«Կենցաղը շատ բան է փոխում». Յուլյա Ֆինկը` ամուսնու հետ հարաբերությունների մասին

18:17 • 05.08.17

 

Հաղորդավար Արտյոմ Կարապետյանն ու դերասանուհի Յուլյա Ֆինկը հանգստի կմեկնեն սեպտեմբերին։ Զույգը դեռ չի որոշել` կոնկրետ ուր կմեկնի, սակայն ամուսինները կընտրեն այնպիսի հանգստավայր, որտեղ կարող են համատեղել ծովային ու քաղաքային ժամանցը։ Tert.am Life–ի հետ զրույցում Յուլյան ասաց, որ ինքը ծովի սիրահար է, ամուսինը` քաղաքային հանգստի, այդ իսկ պատճառով փորձում են կոմպրոմիսային տարբերակ գտնել, որպեսզի երկուսի համար էլ հետաքրքիր լինի։

 

Ամռան շոգին զույգը ժամանցը վայելում է, հիմնականում, Երևանում, իսկ շաբաթ և կիրակի օրերին` գնում են Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը։ Հաջորդ տարի կլրանա Արտյոմի և Յուլյայի համատեղ կյանքի 10 տարին։ Յուլյան նշեց, որ տարիների ընթացքում իրենք ավելի շատ են կապվել իրար հետ։ Եթե կան զույգեր, որոնք ամուսնությունից տարիներ անց առանձին ժամանց կազմակերպելու կարիք են ունենում, Արտյոմն ու Յուլյան նախընտրում են ժամանցը միասին կազմակերպել։

 

«Մենք եղել և մնացել ենք ընկերներ, ինչը մեզ շատ է օգնում, որպեսզի կյանքն  ավելի հետաքրքիր լինի, առօրյան ու կենցաղը շատ չխանգարեն հարաբերություններին։ Տարիների ընթացքում  սկսել ենք անել նույն բաները։ Առայժմ ցանկություն էլ չկա առանձին հանգստանալու, որովհետև մեզ իրար հետ շատ հետաքրքիր է։ Մենք միշտ խոսելու թեմա ունենք»,– ասաց դերասանուհին։

 

 

Խոսելով հարաբերությունների ամրության մասին` Յուլյան նշեց, որ կնոջ խորամանկությունը չէ, որ ամուր է պահում ընտանիքը։ Դա կախված է ոչ միայն կնոջից, այլև տղամարդուց։ «Կնոջ խորամանկությունից առավել  կարևոր է սիրո առկայությունը։ Որքան էլ խորամանկ լինես, մտածված ընտրություն անես, երաշխիք չունես, որ մեկ տարի հետո չես բաժանվի, որովհետև ամեն կեղծ բան իր ավարտն է ունենում։ Կարծում եմ` այս դեպքում կարևոր է նաև ճակատագրի գործոնը»,– նշեց Յուլյան։

 

Դերասանուհին կարևորում է կնոջ ուշադրությունը տղամարդու հանդեպ։ «Պարզ է, որ մարդիկ սիրելով են ամուսնանում, սակայն դա պահելու համար պետք է մանրուքներում էլ ուշադիր լինես։ Մինչև ամուսնությունը և՛ տղամարդը, և՛ կինը վարդագույն ակնոցով են տեսնում ամեն ինչ, սակայն կենցաղը շատ բան է փոխում։ Պետք է հասկանալ միմյանց փոքրիկ թերություններն ու փորձել շտկել դրանք, սակայն  ոչ միմյանց նեղացնելու և  վիրավորելու ճանապարհով։ Եթե քեզ ինչ–որ բան դուր չի գալիս, կարող ես հումորով ներկայացնել։ Պետք է նուրբ մատուցես թերությունը, որպեսզի դիմացինը չկոմպլեքսավորվի, որովհետև դա շատ մեծ խնդիր է»,– նկատեց նա։

 

 

Հայկական շոու բիզնեսի ամենաներդաշնակ ընտանիքներից մեկում զիջումների գնում են երկուստեք։ Զույգը չունի խորքային խնդիրներ, այդ իսկ պատճառով իրենց վեճերը կարող են լինել «ոչնչից», իսկ ավելի կոնկրետ`  արվեստից, կինոյից, կենցաղային փոքրիկ հարցերից ու շատ արագ անցնեն, գնան։  

 

 «Ես կարող եմ ավելի շատ նեղացած մնալ, իսկ Արտյոմը շատ արագ է վերականգնվում, կարծես, ոչինչ էլ չի եղել։ Երբեք չի եղել, որ երկար ժամանակ վիճած լինենք։ Մեր կոնֆլիկտը նույնիսկ 1 օր չի տևում»,– ասաց նա ու հավելեց, որ փոքրիկ խնդրիրներն ադրենալին էլ են ավելացնում հարաբերություններում։

 

Ըստ Յուլյայի` այսքան տարվա համատեղ կյանքի ընթացքում իրենք անկումային փուլ չեն ունեցել։ «Ամուսնության մեջ երրորդ, յոթերորդ և տասներորդ տարիներն են համարվում անկումային։ Հատկապես յոթերորդ տարին վտանգավոր է համարվում, սակայն մենք երբեք լուրջ խնդիրներ չենք ունեցել։ Երկու փուլը հաղթահարել ենք, երրորդն էլ  հաջորդ տարի հաղթահարած կլինենք։ Մենք ստանդարտ հայկական ընտանիք չենք։ Հայ–գերմանական միքսը մեզ մոտ լավ է ստացվել»,– ասաց դերասանուհին։