Իրինա Հարությունյան. «Առանց ամուսնուս մեկնել չենք ուզում»

14:13 • 08.08.17

Դերասանուհի Իրինա Հարությունյանը «Քավարան» հեռուստանովելում նկարահանվելուց հետո կրկին ընդհատակ անցավ։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ թեև երկրորդ որդու ծննդից 1 տարի անց որոշել էր վերադառնալ աշխատանքի, հասկացավ, որ այս փուլում երեխան ավելի շատ ունի իր կարիքը։

 

«Երեխան շատ կապված է ինձ հետ։ Իր համար տանջանք է ինձանից հեռու լինելը, մեղքի զգացողություն կունենամ, եթե իրեն միայնակ թողնեմ»,– ասաց Իրինան ու հավելեց, որ երեխային ամբողջ օրը դայակի հսկողության տակ թողնելն անընդունելի է համարում, սակայն շատ հավանական է, որ սեպտեմբերից կարճ ժամանակով դիմի դայակի օգնությանը։

 

«Դեմ չեմ դայակի օգնությանը դիմելուն, սակայն այդ քայլին կգնամ  միայն անհրաժեշտության դեպքում։ Մայրս էլ տանը կլինի, պարզապես, նա միայնակ չի կարող խնամել երեխային, քանի որ փոքր–ինչ վատառողջ է, երեխան էլ շատ ակտիվ է։ Չեմ ափսոսում, որ այս ընթացքում չեմ նկարահանվում։ Դա իմ ընտրությունն է։ Երբ ցանկանամ, կարող եմ վերադառնալ եթեր։ Հնարավոր է, դա լինի աշնանային նոր եթերաշրջանում։ Այժմ կա նոր նախագծի առաջարկ, որը քննարկման փուլում է»,– հայտնեց դերասանուհին։

 

 

Իրինան նկատեց, որ առօրյան երեխայի հետ հետաքրքիր է անցնում. «Երեխայի հետ ամեն շրջան իր հետաքրքրությունն ունի։ Դավիթն ինքն է թելադրում մեր օրակարգը։ Ես իրեն սովորեցրել եմ շատ զբոսնել։ Հիմա դա իր սիրելի զբաղմունքներից մեկն է։ Հաճախ ենք միասին զբոսնում»։

 

Անդրադառնալով ամառային հանգստին` դերասանուհին  նշեց, որ իրենց հանգիստը մի փոքր հետաձգել են, քանի որ ինքն էլ, ամուսինն էլ գործեր ունեին։ «Չստացվեց ամռանն ինչ-որ տեղ մեկնել, բայց աշնանն, անպայման, կմեկնենք։ Այս փուլում ամուսինս էլ գործեր ուներ, առանց իրեն մեկնել չենք ուզում։ Անպայման, ուզում ենք 4–ով մեկնել, պետք է  միասին լինենք, որպեսզի հանգիստը լիարժեք լինի։ Ծովային որևէ երկիր կընտրենք, քանի որ ես հանգիստ ասելով ծովափ եմ հասկանում։ Ինձ համար ճամփորդությունն ու հանգիստը տարբեր երևույթներ են»,– ասաց նա, ապա նկատեց, որ փոքր երեխա ունենալուց հետո պասիվ հանգիստն անհրաժեշտ է։