Հաքերները գումար են պահանջում, որպեսզի չհրապարակեն «Գահերի խաղի» դերասանների անձնական տվյալները
Հաքերները շարունակում են սպառնալ «Գահերի խաղը» հեռուստասերիալի պրոդյուսերներին։ Վերջերս նրանք ժամանակից շուտ հրապարակել էին նոր եթերաշրջանի չորրորդ սերիան, ինչպես նաև մեծ քանակությամբ տեղեկատվություն էին գողացել։
Spletnik-ը գրում է, որ այժմ նրանք տեսաձայնագրություն են ուղարկել HBO հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ռիչարդ Պլեֆերին ու գումար են պահանջել, որպեսզի չհրապարակեն դերասանների անձնական տվյալները։
«Մեր պահանջները պարզ են ու քննարկման ենթակա չեն։ Մենք ցանկանում ենք XXXX դոլար, որպեսզի դադարենք գաղտնի տեղեկություններ հրապարակելը։ HBO-ն 12 մլն դոլար է վատնում շուկայի ուսումնասիրությունների համար և 5 մլն գովազդային արշավի համար։ Պատկերացրեք, որ սա նոր գովազդային արշավ է»,- տեսաձայնագրությունում ասել է պարոն Սմիթ մականունով մեկը։
Աղբյուրը հայտնում է, որ հաքերների ձեռքերում են դերասանների պայմանագրերը, անձնական տվյալները, իրավական տվյալները և այլն։ Հաքերները գումարը վճարելու համար 3 օր են տվել, իսկ հեռուստաընկերության տնօրինությունը դեռ շարունակում է փորձել պարզել նրանց ինքնությունը։










