Էվա Խաչատրյանը՝ ԱՄՆ միայնակ մեկնելու պատճառների մասին
Դերասանուհի Էվա Խաչատրյանն ամառային հանգիստը կվայելի ԱՄՆ–ում։ Օգոստոսի 17–ին նա 25 օրով կմեկնի Նյու Յորք։ Tert.am Life–ի հետ զրույցում Էվան ասաց, որ միայնակ է մեկնելու հանգստի, սակայն ԱՄՆ–ում կհանդիպի ընկերներին։
«ԱՄՆ–ում ունեմ ընկերներ, որոնց, անպայման, կհանդիպեմ։ Միայնակ եմ մեկնում, քանի որ մայրիկս չի կարող երկար ժամանակով բացակայել երկրից։ Ես ոչ քույր ունեմ, ոչ էլ եղբայր, որ իրենց հետ մեկնեի, իսկ ընկերների հետ չեմ գնում, որովհետև ԱՄՆ մեկնելը հեշտ չէ։ Ծովափ չէ, որ ուղեգիր վերցնես և ընկերներիդ հետ մեկնես»,– ասաց դերասանուհին։
Էվան առաջին անգամ չէ ԱՄՆ–ում, սակայն Նյու Յորքում չի եղել. «Ընտրեցի ԱՄՆ–ն, քանի որ ուզում եմ իմ աչքերով տեսնել աշխարհի լավագույն քաղաքներից մեկը` Նյու Յորքը։ Այն շատ գեղեցիկ քաղաք է։ Կարծում եմ` հիմարություն է դա չտեսնելը։ Օվկիանոսի ափում էլ ամառային հանգիստս կվայելեմ։ Ամառային հանգստի որևէ տարբերակից հետ չեմ մնա»։
Դերասանուհին մտադիր է նաև ներկայացումների գնալ։ «Շատ եմ ուզում հետաքրքիր մի քանի շոու–ներկայացում դիտել։ Մեծ ցանկություն ունեմ նայել որևէ ներկայացում, որտեղ դերակատարը կլինի Ալ Պաչինոն։ Նախորդ անգամ եղել եմ Լաս Վեգասում, սակայն կուզեմ կրկին գնալ։ Այնտեղ շատ հետաքրքիր շոուներ կան։ Նախորդ անգամ ապշեցուցիչ գեղեցիկ շոու եմ նայել։ Այս անգամ կուզեմ այլ ժանրի շոուներ տեսնել»,– եզրափակեց Էվան:









