Իրական սիրավեպերից, համբույրի և բաց տեսարաններից մինչև զզվելի փորձություններ. հեղինակի բացահայտումները «Անհայտ հասցե» նախագծից
Սեպտեմբերի 14–ից ATV–ի եթերում կմեկնարկի «Անհայտ հասցե» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանը։ Այն իր տեսակով միակ հեռուստանախագիծն է հայկական եթերաժամում, որտեղ մասնակիցները երկու ամիս ապրելու են անտառներում ու լեռներում: Նախագծի նկարահանումներն արդեն ավարտվել են։ Tert.am Life–ի հետ զրույցում այս մասին հայտնեց նախագծի հեղինակ, պրոդյուսեր Սահակ Ասատրյանը։ «Անհայտ հասցե» նախագծի երկրորդ եթերաշրջանում 20 մասնակից է եղել` 11 տղա, 9 աղջիկ։
«Բարդ նկարահանումներ ենք ունեցել։ Որքան էլ փորձություններն անվտանգ էին, մասնակիցները` ապահովագրված, ունեցել ենք ոտնաթաթի կոտրվածք, քերծվածքներ։ Երբ մասնակիցները ստանում էին հանձնարարություն, որով պետք է վաստակեին իրենց սնունդն ու որոշվեր` ով պետք է դուրս գա խաղից, ինքնամոռաց փորձում էին հաղթահարել այն և ոչ մի դժվարության առաջ կանգ չէին առնում։ Նույնիսկ կյանքը վտանգելով փորձում էին ամեն գնով հաղթահարել դրանք։ Այս ընթացքում ունեցել ենք մի դեպք, երբ մասնակիցները պատժվել են և մեկ օր սնունդ չեն ստացել։ Դրա արդյունքում մասնակիցներից մի աղջիկ ուշագնաց եղավ։ Մի կերպ կարողացան ուշքի բերել նրան։ Երբ գիտակցության եկավ, որոշեց ինքնակամ դուրս գալ, թեև խաղընկերները համոզում էին` մնալ։ Նա փորձեց, անգամ, փախչել նախագծից, բայց, ի վերջո, կանխեցին դա ու մնաց նախագծում»,– ասաց Սահակը։

Վերջինիս խոսքով` ռեալիթի շոուի ընթացքում նաև իրական սիրավեպեր են սկսվել։ «Ունեցել ենք սիրային պատմություններ։ Երկու զույգ հենց նախագծի շրջանակում են սիրահարվել։ Ունեցել ենք նաև համբույրի, գրկախառնության, բաց տեսարաններ, ինչպես նաև խանդ, կռիվներ և այլն»,– հավելեց նա։
Նախագծի հեղինակը նշեց, որ փորձությունները բարդացված էին և անկանխատեսելի մասնակիցների համար։ «Շատ զզվելի փորձությունների միջով են անցել, որոնք, ի զարմանս մեզ, շատերն են հաղթահարել։ Մասնակիցները պատրաստակամ էին, բայց վախը սրտերում, քանի որ նրանք չգիտեին, թե հաջորդիվ ինչ է սպասվում իրենց»,– ասաց նա։
Սահակն ավելացրեց, որ նկարահանումները ընթացել են 24 ժամ։ Եղել են հսկող տեսախցիկներ, որոնք ֆիքսել են ամեն րոպեն։


.jpg?1502889530747)












