«Ինձ համար մեծ փորձություն էր». Վիվյեն Բաստաջյանը ռեփ է կարդացել
Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում հոկտեմբերից կմեկնարկի «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլը, որտեղ նկարահանվել է նաև դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը։ Վերջինս մարմնավորել է երաժշտական դպրոցի տնօրենին։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին պատմեց իր դերի և երեխաների հետ աշխատելու փորձի մասին։
«Դպրոցի ամբողջ պատասխանատվությունն ընկած է հերոսուհուս վրա։ Նա խիստ է, միևնույն ժամանակ, հոգատար երեխաների նկատմամբ, անսահման սիրում է երեխաներին։ Ե՛վ խիստ լինելու, և՛ սիրելու, և՛ արդար լինելու հատկությունները հետաքրքիր գույներ են հաղորդում կերպարին։ Շատ բծախնդիր եմ։ Ամեն ինչ անում եմ, որ իմ խաղացած կերպարները տարբերվեն իրարից»,– ասաց Վիվյենը։
Դերասանուհին նշեց, որ երեխաների հետ աշխատելն իր առաջին փորձը չէ։ « Ես նկարահանվել եմ Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսները նույնպես երեխաներն են։ Բացի այդ, թատրոնում դասավանդում եմ երեխաներին։ Դերն ինձ այդքան էլ խորթ չէր։ Ինձ դուր է գալիս երեխաների հետ աշխատելը, քանի որ նրանք շատ հետաքրքիր են։ Դու բացահայտում ես նրանց ու սկսում խաղալ իրենց օրենքներով։ Արդեն հասցրել եմ կապվել «Նվագախմբի երեխաները» նախագծի մասնակիցների հետ ու շատ կարոտել նրանց։ Շատ յուրօրինակ երեխաներ են»,– նշեց նա։

Դերասանուհին ասաց, որ մյուզիքլի նկարահանումները շատ հետաքրքիր ու զվարճալի են անցել։ «Նկարահանման հրապարակում երեխաները շատ զգույշ ու զգոն էին շփվում ինձ հետ, ինչ–որ չափով վախենում էին ինձանից, քանի որ ասոցացնում էին կերպարիս հետ։ Բայց նաև փորձում էին անմիջական լինել ու բազում հաճոյախոսություններ շռայլում։ Հատկապես, Պոնչի դերակատարը` Սերժ Առաքելյանը, հենց ինձ տեսնում էր, ասում էր` գիտե՞ք, Ձեզ նման տնօրեն աշխարհում գոյություն չունի»,– հավելեց նա։
«Նվագախմբի երեխաները» նախագծում դերասանուհին նաև երաժշտական համարներ ունի։ «Ինձ համար շատ պատասխանատու էր, երբ իմացա, որ պետք է ռեփ կարդամ։ Հատկապես, կնոջ ռեփը շատ բարդ է։ Դրա համար դիմեցի ընկերներիս օգնությանը։ Ասում են` ինձ մոտ շատ լավ է ստացվել, բայց ես դեռ չեմ լսել պատրաստի տարբերակը։ Սա ինձ համար մեծ փորձություն էր։ Ինչ–որ բան անելիս սիրում եմ ծայրաստիճան լավն անել»,– եզրափակեց Վիվյենը։











