Երևանի երբեմնի բարբի տիկնիկներն այսօր կերպարանափոխվել են ու դարձել անճանաչելի

18:56 • 17.08.17

 

Մարդիկ, որոնց քչերը գիտեն, պատմություններ, որոնք հետաքրքիր են։ Tert.am Life–ի  «Հետաքրքիր դեմքեր» շարքում այս անգամ բացահայտում ենք  Լիյա Մարուխյանին և Լիդիա Վիրաբյանին։ 22–ամյա աղջիկներին քչերը միանգամից կճանաչեն։ 4 տարի առաջ նրանք հանրությանը ներկայացան և հշվեցին բարբի տիկնիկի կերպարով, սակայն տարիներ անց որոշեցին կերպարանափոխվել։ Այսօր նրանք փոխվել են և դարձել անճանաչելի։

 

Tert.am Life–ի ֆոտոշարքում Լիյան ու Լիդիան երկու կերպարով են ներկայացել. առաջինը`տիկնիկի, ինչպիսին տարիներ առաջ էին, երկրորդը` բնական, ինչպիսին այսօր են։

 

Լիյան մասնագիտությամբ թարգմանչուհի է, լրագրող և հաղորդավարուհի, իսկ Լիդիան`թարգմանչուհի, լուսանկարչուհի։

 

 

Լիյա Մարուխյան

 

Դեռևս փոքրուց ինչ–որ բանով միշտ տարբերվել եմ ու աչքի ընկել։ Մարդիկ ինձ ճանաչեցին, երբ ինձ նմանեցնում էին բարբի տիկնիկի։ Այդ ժամանակ 18 տարեկան էի։ Երբեք միտումնավոր չեմ փորձել ստանալ բարբի տիկնիկի կերպար։ Ինձ համար բարբի տիկնիկը գեղեցիկ է, բայց չեմ մտածել հատուկ նմանվել։ Միգուցե ենթագիտակցորեն եմ նմանվել, բայց ոչ միտումնավոր։ Կերպարս ինքնաբերաբար է ստացվել, քանի որ այն ժամանակ սիրում էի արհեստականը։ Ինձ համար դա գեղեցիկ էր, հիմա այդ կարծիքին չեմ։ Նախընտրում եմ բնականին մոտ լինել։

 

Շիկահեր, լինզաներով, արհեստական եղունգներով և ընդգծված դիմահարդարմամբ շատերն ասում էին, որ նման եմ տիկնիկի։ Ես ինձ շոյված էի զգում, քանի որ դա ինձ համար հաճոյախոսություն էր։ Ո՞ր մի մարդը իրեն լավ չի զգա, երբ ասեն` կարծես տիկնիկ լինես։

 

Եվ՛ դրական, և՛ բացասական կարծիքներ եմ լսել կերպարիս մասին։ Հիմնականում համացանցում էին լայն քննարկում ու քննադատում ինձ։ Երբեք չեմ նեղվել քննադատություններից։ Ընդհակառակը, արդեն միտումնավոր այնպես էի անում, որ ավելի նման լինեմ։ Այդ քայլով ցույց էի տալիս մարդկանց, որ իրենց կարծիքն ինձ հետաքրքիր չէ։ Ես ունեմ իմ սկզբունքներն ու սա իմ կյանքն է, որը միայն ես եմ տնօրինում։

 

 

Արտերկրում կան մարդիկ, որոնք վիրահատական միջամտության են դիմել, իրենց մարմինը փոխել են և նմանեցրել տիկնիկի։ Ես դա չեմ ընդունում։ Ինձ համար այն աննորմալություն է։ Եթե բնականից նման ես տիկնիկի, դա գեղեցիկ է, բայց երբ միտումնավոր ես այդ կերպարը ստանում` ինձ համար տգեղ է։

 

Չեմ կարող ասել` ինչպես է ստացվել իմ կերպարանափոխությունը, քանի որ այն միանգամից չի եղել։ Ժամանակի ընթացքում նորաձևությունը փոխվեց։ Հիմա բնականն է նորաձև, ես էլ շատ եմ սիրում լինել բնական։ Առօրյայում գրեթե չեմ շպարվում։ Բնական կերպարս ինձ ավելի շատ է դուր գալիս։ Սա իմ իսկական կերպարն է։ Երբ ծանոթ մարդիկ ինձ տեսնում են, ասում են` անառարկելիորեն ես փոխվել։

 

 

Բնավորության առումով այդքան էլ չեմ փոխվել։ Որոշ տեսակետներ հնարավոր է ժամանակի ընթացքում փոխվել են, բայց հիմնականում մնացել եմ այնպիսին, ինչպիսին կայի։  Միայն թե, բարբի տիկնիկի կերպարում շատ գոռոզ էի, մարդամոտ չէի։ Հիմա սիրում եմ մարդկանց հետ շփվել։ Կարծում եմ` մասնագիտությունս է ինձ փոխել։

 

Մի զավեշտալի դեպք պատմեմ։ Մի անգամ Լիդիան ինձ խնդրեց բան փոխանցեմ մի կնոջ, որը մեր տան մոտ էր ապրում։ Այդ կինը բացեց դուռը ու տարօրինակ հայացքով ինձ նայեց։ Տվեցի այն, ինչ պետք էր ու վերադարձա տուն։ Հետո այդ կինը զանգել էր Լիդիային ու հարցրել` ո՞վ էր այդ աղջիկը, կարծես, այլմոլորակային լիներ։ Այնպես որ, ինձ միայն բարբի տիկնիկի չեն նմանեցրել։

 

 

Լիդիա Վիրաբյան

 

18 տարեկանում ոմանք ինձ էլ էին նմանեցնում տիկնիկի, ես` ոչ։ Ես շատ փոփոխական մարդ եմ։ Սիրում եմ տարբեր կերպարներով ներկայանալ։ Ինձ համար ձանձրալի է մի կերպար ունենալ։ Առաջ կարող էի մի քանի ժամով տիկնիկի կերպարով դուրս գալ տանից, դրա համար սկսեցին ինձ էլ նմանեցնել տիկնիկի։

 

Կտրուկ փոփոխությունների սիրահար եմ։ Այսօր հնարավոր է տեսնեն ինձ երկար մազերով, հաջորդ օրը` կարճ։ Երբեք չեմ զղջում կատարածս քայլերի համար։ Ինձ հետաքրքիր է տարբեր լինել։ Կարող եմ ծայրահեղական բաներ անել, որ, անգամ, ծնողներս չճանաչեն ինձ։ Մինչ օրս էլ սիրում եմ փոփոխությունները։ Հատկապես, լուսանկարվելիս միշտ տարբեր կերպարներում եմ ներկայանում։

 

Հիմա ես էլ եմ նախընտրում բնական գեղեցկությունը։ Առօրյայում միշտ առանց շպարի եմ։ Բնավորությամբ նույն եմ։ Չեմ փոխվել։

 

 

 

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Դիմահարդարումը` Անի Կալթակյանի և Սոնա Բաղդասարյանի/ Make-Up Atelier

Վարսահարդարումը` Մոնիկա Աբրահամյանի/ Make-Up Atelier

Նկարահանումներն իրականցրել ենք Imperial Palace Hotel-ում

 

Երևանի երբեմնի բարբի տիկնիկներն այսօր կերպարանափոխվել են ու դարձել անճանաչելի