«Այսպիսի ամուսին ունենալը մեծ նվեր է». Գոհար Հարությունյանը` 38–ամյակի մասին

19:12 • 25.08.17

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Գոհարը Tert.am Life-ին պատմեց, որ օրը ծաղկեփնջով է սկսել, որն իրեն ուղարկել էր ամուսնու քույրը, իսկ բալիկներն իրեն շնորհավորել են երգելով։

 

«Օրս կիսաաշխատանքային, կիսատոնական էր։ Քանի որ այս փուլում զբաղվածությունս մեծ է, չէի կարող չաշխատել։ Երբ գնացի աշխատանքի, աղջիկները ևս ծաղիկներով դիմավորեցին ինձ։ Գործընկերներիս հետ տորթով, շամպայնով նշեցինք օրը,– ասաց նա ու հավելեց, որ այս տարի տարեդարձի մեծ խնջույք չի կազմակերպել, քանի որ հղիությունն ու աշխատանքն իրենից շատ էներգիա են խլում։ –Մի քիչ ուժասպառ եմ լինում։ Ռիսկ չարեցի շատ հյուրերի հրավիրել։ Այսօր թեթև, բայց շատ ուրախ ծնունդ ունեցա»։

 

Գոհարը երեկոն կանցկացնի ընտանիքի անդամների հետ` Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։

 

Խոսելով ամուսնու շնորհավորանքի մասին` նա ասաց. «Ամուսինս կեսգիշերին շնորհավորեց ինձ, սակայն նվերը նոր պետք է մատուցի։ Սովորաբար, նա չի սպասում տարեդարձիս օրվան, որ ինձ նվեր մատուցի, մեկ ամիս առաջ էլ է գեղեցիկ անակնկալ արել։ Նվերները նախապես համաձայնեցնում ենք։ Գիտեմ, թե այսօր ինչ է նվիրելու, բայց չեմ բացահայտի (ժպտում է)»։

 

 

Գոհարը նշեց, որ այս փուլն ամուսնու համար շատ ծանրաբեռնված է, քանի որ նա ամեն ինչ անում է` իրեն աջակցելու համար։ «Արդեն նախապատրաստվում ենք մեր չորրորդ երեխայի ծննդին։ Այս ընթացքում ամուսինս մի կողմ դրեց իր գործուղումները և շատ օգնեց ինձ։ Ժամանակավորապես տան «մայրիկի» պաշտոնն է ստանձնել, բոլորիս խնամում է։ Այնպիսի բաներ է անում, որ երբեք չէի սպասի։ Թեև դայակ ունենք, շատ է օգնում նաև երեխաների խնամքի հարցում, ընդհուպ 3 երեխայի քաղաքից դուրս տանելը։ Ճիշտ է, աղջիկներս մեծ են, բայց տղամարդու համար դա բարդ է։ Նա ըմբռնմամբ է մոտենում, որ մեծ նախագիծ եմ սկսել և շատ եմ բացակայում տանից։ Շատ հոգատար է։ Այսպիսի ամուսին ունենալն արդեն իսկ մեծ նվեր է կնոջ համար»,– ասաց մոդելը։

 

Տարեդարձի տորթի մոմերը փչելիս Գոհարը միշտ պահում է միևնույն երազանքը, որպեսզի բոլորն առողջ լինեն։ Պարզվում է` ոչինչ չի կարող այնպես ընկճել գեղեցկուհուն, ինչպես առողջական խնդիրը. «Միակ բանը, որը կարող է ինձ կոտրել, առողջական խնդիրն է։ Մնացած հարցերին այնքան թեթև եմ վերաբերում, որ բոլորը զարմանում են, ոչնչից չեմ նյարդայնանում, սրտնեղում։ 2 շաբաթ առաջ սովորական հարբուխի պատճառով 5 օր հիվանդանոցում անցկացրի։ Դրանից շատ եմ նեղվում»։

 

 

Կյանքի 38 տարիների ընթացքում Գոհարը հասկացել է, որ ամենակարևորը նպատակասլաց լինելն ու երազանքներից չհրաժարվելն է։ «Ինձ համար շատ կարևոր էր մեծ ընտանիք ունենալու գաղափարը։ Ես շատ պատճառներ ունեի, որ այլևս երեխա չունենայի, մտածեի` աղջիկ էլ ունեցա, տղա էլ, բայց այն փաստը, որ ես հասել եմ մեծ ընտանիք ունենալու երազանքիս, ինձ մեծ բավարարվածություն է տալիս։ Ինձանից մեծ կամքի ուժ էր պահանջվում դրա համար,– ասաց նա ու վստահություն հայտնեց, որ չորրորդ երեխան էլ առողջ է ծնվելու։ –Եթե հղիության շրջանում իմ ակտիվությունը փոխանցվի իրեն, նաև շատ ակտիվ է լինելու»։

«Այսպիսի ամուսին ունենալը մեծ նվեր է». Գոհար Հարությունյանը` 38–ամյակի մասին