«Առավոտ լուսո»-ն հաղորդավարական նոր կազմով կներկայանա
Սեպտեմբերի 11–ին կմեկնարկի Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանը, որի ընթացքում հեռուստադիտողներին կներկայացվեն մի շարք նոր նախագծեր։ Հեռուստաընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am Life-ին հայտնում են, որ նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հեռուստադիտողներին կներկայանա հաղորդավարական փոփոխված կազմով:
«Այս եթերաշրջանում յուրաքանչյուր աշխատանքային առավոտ Թինա Խաչատրյանի, Արման Մարգարյանի և Հերմինե Ստեփանյանի հետ մեր հայրենակիցներին բարի լույս կմաղթի նաև Հանրայինի բազմամյա և սիրված հաղորդավար Մարատ Օրդյանը: Հաղորդավարները կներկայացնեն մշակութային, կրթական ու հասարակական անցուդարձը, հետաքրքիր հյուրերի ու կպատմեն կարևոր իրադարձությունների մասին՝ օրվա ռիթմին համահունչ։ «Առավոտ լուսո» ծրագիրը Առաջին ալիքի ուղիղ եթերում կլինի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09:30-11:45-ը»,– նշվում է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ստեղծագործական թիմը խոստանում է, որ նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հագեցած կլինի նոր խորագրերով` սոցիալական, հայրենագիտական, առողջապահական, մշակութային, կրթական, ժամանցային ու սպորտային:










