«Ինձանից վախենալ պետք չէ, բայց զգուշանալ արժե». Սոֆի Մխեյանը` «Հայաստանի ձայնի» մասին
Շուտով կմեկնարկի «Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանը։ Tert.am Life–ն իր ընթերցողներին ներկայացրել է հարցազրույցներ ժյուրիի 3 անդամների` Նունե Եսայանի, Սևակ Խանաղյանի և Արամեի հետ։ Այս անգամ զրուցել ենք ժյուրիի փորձառու անդամի` Սոֆի Մխեյանի հետ։
«Ինձանից վախենալ պետք չէ, բայց զգուշանալ արժե, որովհետև երկրորդ փորձս է և ավելի ծանոթ եմ նախագծի նրբություններին»,– ժպիտով ասաց երգչուհին, ապա հավելեց, որ կան քայլեր, որոնք իր համար ավելի պարզ են, թեև ոչ ոք չի կարող գուշակել` ինչպես կընթանա նախագիծը։ «Շատ հաճելի է երկրորդ անգամ լինել ժյուրիի կազմում։ Այս անգամ նոր գործընկերներ ունեմ։ Նախագծում, ամեն դեպքում, կա մրցակցություն։ Հետաքրքիր է, թե ինչպիսի ընթացք կստանա այն»,– նշեց նա։
Սոֆին դժվարացավ նշել, թե ով է իր «ամենավտանգավոր» մրցակիցը։ «Նրանք երեքն էլ նոր են այս աթոռին։ Ես նրանց հետ ճանապարհ եմ անցել որպես գործընկեր և ընկեր, սակայն մրցակցություն երբեք չենք ունեցել։ Չգիտեմ` ով ինչպես իրեն կդրսևորի որպես մարզիչ։ Իհարկե, Նունեի տարիների փորձը կտա իր արդյունքը։ Արամեի հետ միաժամանակ ենք սկսել մեր ճանապարհը և շատ բաների միջով ենք անցել, իսկ Սևակի հետ վերջերս ենք ծանոթացել։ Որպես մասնակից` անցել է նման փորձությունների միջով։ Հիմա նախնական գնահատականներ տալ չեմ ուզում։ Ես ուշադիր և զգոն կլինեմ բոլոր մարզիչների նկատմամբ»,– ասաց Սոֆին։

Առաջին «Հայաստանի ձայնի» ժամանակ Սոֆիի մասնակցությունը, որպես ժյուրիի անդամ շատերն էին քննադատում։ Նախագծի ընթացքում Սոֆին չէր խոսում այս մասին։ Իր պատասխանը նա տվեց վերջում` մատնանշելով փաստը, որ իր մասնակիցը` Նարեկ Մակարյանը, զբաղեցրեց 2–րդ տեղը և շատ մոտ էր հաղթանակին։ Այս անգամ քննադատողներին Սոֆին ասում է` մի շտապեք։
Երգչուհին գիտի և պատրաստ է, որ նախագիծն իր հետ բերում է նաև սթրեսային քննարկումներ։ «Տարիներ ի վեր մեզ անընդհատ հետապնդում են այդ սթրեսները, քանի որ ակամայից լինում ես քննարկումների մեջտեղում։ Այդ սթրեսները նաև կոփում են։ Երբ սկսվեց առաջին եթերաշրջանը, բավականին քննարկումներ եղան իմ մասնակցության վերաբերյալ, սակայն նախագծի ավարտին ամենավառ ապացույցը մեր թիմի՝ երկրորդ տեղում լինելն էր։ Նարեկը տոկոսային չնչին հարաբերությամբ էր հետ հաղթողից՝ Մաշայից։ Ես դա համարում եմ հաղթանակ, որովհետև ամբողջ ընթացքը շատ գեղեցիկ ձևով եղավ։ Կարծում եմ` արժանի ենք ներկայացել հանդիսատեսին։ Պարզ է, հաճելի չէ լսել քննադատություններ, բայց առաջին փորձը եղել է, և շատերը տեսել են արդյունքը։ Հիմա պիտի ասեմ` մի շտապեք քննադատել, եթե ավարտին չեք կարող տեր կանգնել ձեր ասածին։ Իմ օրինակը, տարիների աշխատանքը, երկրորդ հրավերը` լինել ժյուրիի կազմում, երևի թե, փաստում է, որ արել եմ ինչ–որ բան, որ ունենամ ժյուրիի կազմում իմ անունով աթոռի իրավունք։ Այս անգամ էլ սպասենք ավարտին, որովհետև որքան էլ կա մրցակցություն, պիտի հաղթի արժանի մասնակիցը։ Մենք բոլորս ենք փնտրում «Հայաստանի ձայնին»»,– ասաց Սոֆին։

Իր թիմի անդամներին ընտրելիս երգչուհին հիմնվելու է իր զգացողություններ վրա։ «Առաջին անգամ չեմ սխալվել իմ ընտրության մեջ։ Բոլոր այն դեպքերում, երբ շրջվել եմ, որոշումս հստակ է եղել։ Այս անգամ էլ պիտի հավատամ լսողությանս, ներքին ձայնիս, զգացողություններիս և անեմ ճիշտ ընտրություն։ Ով էլ լինի իմ թիմում, կաշխատենք լինել ավելի հետաքրքիր, որպեսզի հաղթանակը գա դեպի մեր թիմ։ Եթե նախորդ անգամ երկրորդն էինք, այս անգամ կփորձենք լինել առաջինը»,– նշեց երգչուհին։
Նախագծում ոչ միայն մարզիչն է ընտրում մասնակցին, այլև մասնակիցը` մարզչին։ Սա փոքր–ինչ լարվածություն է ստեղծում մարզիչների համար։ Ոմանք չեն կարողանում ընդունել, որ իրենց ընտրած մասնակիցը կարող է գնալ այլ մարզչի մոտ։ Սոֆին էլ խոստովանեց, որ դա ինչ–որ չափով լարվածություն է ստեղծում, սակայն նկատեց, որ այս անգամ ինքն այլ մոտեցում ունի։
«Շատ ազնիվ կլինեմ։ Առաջին անգամ շատ ավելի լարված էի։ Եղել են դեպքեր, երբ ես շրջվել եմ, մասնակիցը չի ընտրել ինձ։ Ինձ մոտ ներքին անհարմարություն կար, թե ինչու ինձ չընտրեցին, որովհետև ես վստահ էի` հետո ինչ կլինի։ Այդ պահը տհաճ է, որովհետև դու հասկանում ես, որ կարող ես շատ ավելի հզոր լինել, եթե այդ մասնակիցը լինի քո թիմում։ Հիմա արդեն շատ ավելի հանգիստ ու խաղաղ եմ։ Մասնակիցներին պիտի խորհուրդ տամ լինել ավելի ուշադիր, որովհետև նախորդ անգամ եղան մարդիկ, որոնք չընտրեցին ինձ և շատ շուտ լքեցին նախագիծը։ Եթե լինեին ինձ մոտ, հնարավոր է, նույնիսկ հաղթող լինեին։ Նախագիծը հաշվարկ է։ Եթե տեսնում ես, մի մարզչի մոտ շատ ուժեղ մասնակիցներ կան, ինքդ պիտի հասկանաս, որ փուլերի ընթացքում ուզած–չուզած մարզիչը ստիպված է հրաժարվել քեզնից, որովհետև հաղթողը մեկն է»,– եզրափակեց երգչուհին։





Լուսանկարները` Արշակ Ռոստոմյանի







