Հարություն Խաչատրյանն իր թեկնածությունը կառաջադրի Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում

14:18 • 07.09.17

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն իր դիմումի համաձայն ազատվել է կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:

 

Tert.am Life–ը պաշտոնից հեռանալու մասին խոսեց Հարություն Խաչատրյանի հետ։ Վերջինս վստահություն հայտնեց, որ Սուսաննա Հարությունյանը կկարողանա ճիշտ ղեկավարել փառատոնը։ Նա նշեց, որ «Ոսկե ծիրանն» արդեն կայացած փառատոն է, իսկ Սուսաննա Հարությունյանին լիովին վստահում է։ «Այս տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ ես զբաղված եմ եղել ֆիլմերի նկարահանմամբ, և Սուսաննա Հարությունյանը ստանձնել է ղեկավարի պարտականությունները»,– ասաց նա։

 

Իբրև պաշտոնեական պատճառ «Ոսկե ծիրանի» մամուլի կենտրոնից նշել են, որ Հարություն Խաչատրյանը հեռանում է նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների  ծանրաբեռնվածության պատճառով։ Մեզ հետ զրույցում նա նշեց ևս մեկ պատճառ. պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի  պաշտոնում։

 

Նրա խոսքով` հայկական կինոն դոփում է տեղում, ինքը որոշել է զբաղվել դրանով։ Դիտարկմանը, որ նոր պաշտոնի ակնկալիքով հեռանում է «Ոսկե Ծիրանից», որքանո՞վ է վստահ, որ այս պաշտոնում իր թեկնածությունը կհաստատվի, պրն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչնչից չեմ վախենում։ Ամեն ինչ կարող է լինել, բայց, քանի որ ունեմ մի քանի ֆիլմեր, որոնց նկարահանումները վաղուց հետաձգել եմ, շատ հանգիստ եմ։ Ես կնկարահանեմ իմ ֆիլմերը, սակայն, կարծես թե, բոլորի ցանկությունն այնպիսին է, որ ես ընտրվեմ»։