Դիանա Գրիգորյանի նոր դրամայի գլխավոր հերոսը գաղտնազերծված է. նա Մովսես Երեմյանն է

13:19 • 11.09.17

 

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նոր նախագիծը՝ «Նռան հատիկ» դրամատիկ հեռուստասերիալը, եթերում կլինի այսօրվանից։ Ավելի վաղ Tert.am Life–ի հետ զրույցում Դիանան հայտնել էր, որ ֆիլմի հերոսուհուն մարմնավորում է երգիչ Մհերի քույրը` Ռոզա Ֆիլբերգը, ֆիլմում խաղում են նաև Արսեն Լևոնյանը, Ագնեսա Շահնազարյանը, Դավիթ Մարդյանը, Հայկ Չոմոյանը, Լևոն Հարությունյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Ռուզան Վիթը և այլք։

 

Իսկ ահա գլխավոր հերոսի անունը գաղտնի էր պահվում։ Հեռուստասերիալի պրեմիերային ընդառաջ Tert.am Life–ին հաջողվել է պարզել, որ գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Մովսես Երեմյանը։ Մենք եղել ենք նկարահանման հրապարակում և Մովսեսի հետ խոսել նոր աշխատանքի մասին։ Մեր ընթերցողներին ենք ներկայացնում նաև լուսանկարներ նկարահանման հրապարակից։

 

«Միկան դրական կերպար է։ Թեև յուրաքանչյուր դրական կերպար իր մեջ ունի նաև բացասական հատկություններ։ Կերպարը խաղալու շատ տեղ ունի։ Հավասարակշռված տղա է` TV–ի տնօրեն։ Չնայած դրան` թասիբով ու ինքնասեր է։ Ինքն ապրում է իր կյանքով, սակայն եթե ինչ–որ մեկն իրեն նեղացնի, շատ վատ կստացվի նրա համար»,– ասաց Մովսեսը։

 

 

Դեռ վերջերս դերասան Մովսես Երեմյանը հարցազրույց էր տվել Tert.am Life-ին ու ասել, որ երկարատև հեռուստասերիալում նկարահանվել հիմա չի ուզում,քանի որ դա գրաֆիկի կախվածություն է առաջացնում, իսկ ինքը գրաֆիկով ապրող մարդ չէ։ Դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ստացվեց այս փոփոխությունը այսքան կարճ ժամանակում։ «Երևի թե, ես բնավորությամբ փոփոխական  մարդ եմ։ Դա, հավանաբար, պայմանավորված է հորոսկոպի իմ նշանով (Կշեռք)։ Ինձ հրավիրեցին նկարահանվել այս հեռուստասերիալում։ Կերպարը դուրս շատ եկավ, դերասանական լուրջ կազմ էր հավաքված,պայմանները` լավ էին։ Որոշեցի համաձայնել նկարահանվել»,– հայտնեց դերասանը։

 

Սա Մովսեսի առաջին համագործակցությունն է Դիանա Գրիգորյանի հետ։ «Դիանայի հետ նոր ենք ծանոթացել, բարիդրացիական հարաբերություններ ունենք։ Կարծում եմ` այսպես էլ կշարունակվի։  Առայժմ միայն աշխատանքային դրական պրոցես եմ տեսել»,– նշեց նա։

 

 

Մովսեսի գլխավոր խաղընկերուհին` Ռոզա Ֆիլբերգը մասնագիտությամբ դերասանուհի չէ։ Խաղընկերների ծանոթությունը կայացել է նկարահանման հրապարակում։ «Սիրուն, լավ աղջիկ է։ Հետաքրքիր է, երբ խաղընկերուհիդ նոր է։ Միգուցե, մի քիչ դժվար լինի` հաշվի առնելով, որ Ռոզան դերասանուհի չէ, բայց մենք իրար հետ փորձեր ենք արել, լավ է ստացվել»,– ասաց նա։

 

Այս պահին Մովսեսը զուգահեռ աշխատում է երկու նախագծում։ 25 մասանոց հեռուստաֆիլմի փակագծերը բացել նա չի ցանկանում։ Զուգահեռաբար իրարից շատ տարբեր դերեր մարմնավորելն իր բարդություններն ունի, սակայն, ըստ դերասանի, այստեղ օգնության է հասնում պրոֆեսիոնալիզմը։ Ինքն ամեն  ինչ անում է, որպեսզի կերպարների տարբերությունն ակնհայտ լինի։ Մնացածը կդատի հեռուստադիտողը։

 

Լուսանկարները` Շուշան Անտոնյանի

Դիանա Գրիգորյանի նոր դրամայի գլխավոր հերոսը գաղտնազերծված է. նա Մովսես Երեմյանն է