Սոֆի Դևոյան կրտսերը ոճային փոփոխություն է արել` հրաժարվելով երկար վարսերից

14:02 • 13.09.17

Սոֆի Դևոյան կրտսերը վերջերս ոճային փոփոխություն է արել և հրաժարվել երկար վարսերից։ Tert.am Life–ի հետ զրույցում 15-ամյա դերասանուհին ասաց, որ սիրում է ոճային փոփոխություններ անել։

 

Սովորաբար աղջիկները դժվարությամբ են հրաժարվում երկար վարսերից։ Սոֆին միանգամից է որոշում կայացրել և չի փոշմանել դրա համար։ Նոր տեսքն իրեն դուր է գալիս. «Առհասարակ, սիրում եմ էքսպերիմենտներ անել թե՛ հագուստիս, թե արտաքինիս հետ կապված։ Հաճախ  եմ փոփոխություններ անում։ Այս ամռանն էլ որոշեցի փոփոխություն անել և հրաժարվել  երկար մազերիցս։ Սիրում եմ փոփոխություններ և նոր կերպարին ադապտանալու խնդիր չեմ ունենում»։

 

Ոճային փոփոխություններ  Սոֆին ավելի վաղ հասակից է անում։ Ժամանակին նա մայրիկին համոզել էր ու որպես տարեդարձի նվեր կարճ ժամանակով նվեր ստացել վարսերի ծայրերը ներկելու թույլտվություն։ Փոփոխություններ անելիս դեռատի աղջիկը խորհուրդներ է հարցնում մայրիկից ու տատիկից, սակայն նման որոշումները հիմնականում իրենն են լինում. «Չի լինում, որ ես ցանկանամ մազերս կտրել, մայրիկս թույլ չտա։ Իհարկե, լսում եմ նաև իր կարծիքը»։

 

 

Սոֆին նշեց, որ սիրում է իրեն տեսնել տարբեր ոճերում։ Այդպես է անում նաև հագուստ ընտրելիս։ Նրա խոսքով` դպրոց գնալիս իր ոճը շատ չի տարբերվում առօրյայից։ «Սովորաբար, հագնում եմ այն հագուստը, որն ինձ հարմար է օրվա ընթացքում։ Դպրոցում խստություն կա, բայց իմ ոճը դպրոցում և առօրյայում շատ չի տարբերվում։ Հիմնականում, սպորտային ոճով եմ հագնվում»,– նշեց նա։

 

Սոֆին շարունակում է ուսումն Արվեստի դպրոցում, 11–րդ դասարան է։ Զուգահեռ զբաղվում է պարով, տարբեր պարապմունքներ ունի։ Այս փուլում չի նկարահանվում հեռուստանախագծերում, քանի որ զբաղված է իր պարապմունքներով։ «Մի քիչ հունի մեջ ընկնեմ, կարծում եմ, կլինեն նոր առաջարկներ և կշարունակեմ նկարահանվել։ Հիմա զբաղվածությունս շատ է»,– նկատեց պատանի դերասանուհին։

 

Սոֆին նաև որպես հաղորդավարուհի ներկայանալու ցանկություն ունի, սակայն այդ մասին կսկսի մտածել ավելի ուշ։ Կարծում է` հիմա դա կարող է խանգարել իրեն։

 

Սոֆի Դևոյան կրտսերը ոճային փոփոխություն է արել` հրաժարվելով երկար վարսերից