Ագնեսա Շահնազարյանը` Դիանա Գրիգորյանի հետ համագործակցության մասին

14:02 • 14.09.17

«Արմենիա TV»–ի եթերում այս շաբաթ մեկնարկել է Դիանա Գրիգորյանի նոր` «Նռան հատիկ» հեռուստասերիալը։ Այս հեռուստանովելում զբաղվածություն ունի նաև դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը։ Վերջինս մարմնավորում է բացասական հերոսուհու։ Ֆիլմում Ագնեսան ներկայանում է հենց իր անունով։

 

Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ իր համար միշտ հետաքրքիր է կերտել նոր դեր։ «Ինչ-որ չափով բացասական կերպար է, հատկապես, տան աշխատողի հանդեպ, սակայն ես միշտ փորձում եմ արդարացում գտնել կերպարիս համար, հասկանալ նրա դրդապատճառները։ Նա  լավ կյանքից չէ այդպիսին։ Ագնեսն ունի անհաջող անձնական կյանք, սկեսուրի հետ վատ փոխհարաբերություններ, արդյունքում` ագրեսիվ է։ Կարծում եմ, եթե իր անձնական կյանքը լավ լիներ, ամուսինը լավ շփվեր իր հետ, իր մեջ այդքան չարություն չէր լինի»,– ասաց դերասանուհին։

 

Սա Դիանայի հետ Ագնեսայի երկրորդ համագործակցությունն է։ Առաջին անգամ նրանք աշխատել են «Հարազատ թշնամի» նախագծում, թեև համագործակցությունը կարճ է տևել։ «Նախորդ անգամ նախագծի կեսից էի միացել թիմին, այս անգամ ի սկզբանե խաղում եմ։ Թիմի  հետ աշխատելը շատ հեշտ է, որովհետև բոլորի հետ ծանոթ ենք։ Ես երկար տարիներ աշխատել եմ Արմենիա TV–ում, բոլորին ճանաչում եմ և ինձ  հարազատ մարդիկ են»,– ասաց նա։ Ագնեսայի կերպարային գիծը, հիմնականում, զարգանում է Ռուզան Վիթի, Լևոն Հարությունյանի, Ջուլիետա Ստեփանյանի և Հայկ Չոմոյանի հետ։

 

 

Ագնեսան մեծ զբաղվածություն ունի նաև թատրոնում, հիմա ղեկավարում է Վանաձորի դրամատիկական թատրոնը։ Հաճախ, թատրոնում զբաղվածություն ունեցող դերասաններն ասում են, որ սերիալներում աշխատանքը հետաքրքիր չէ, դա պարզապես, եկամուտի աղբյուր է։ Ագնեսան այդպես չի կարծում։

 

«Սա նույնպես ստեղծագործական պրոցես է, որին պիտի տրվես լիովին, չնայես որպես եկամուտի միջոցի։ Հիմա այն ժամանակները չեն, որ մենք վաստակենք այն գումարները, ինչ մի քանի տարի առաջ։ Սա եկամուտի աղբյուր չէ, հոնորարները բավականաչափ իջել են։ Սակայն նկարահանվել պետք է։ Սա էլ է ստեղծագործական պրոցես, որը հաճախ կարոտում ես։ Եթե սիրում ես մասնագիտությունդ, որն ի վերուստ տրված է քեզ, ի՞նչ կապ ունի սերիալում ես նկարահանվում, թե՞ գեղարվեստական ֆիլմում։ Կարծում եմ` պետք է տարբերություն չդնես։ Եթե հանձն ես առել, պիտի բարեխղճորեն, ամենայն պատրաստակամությամբ և լրջությամբ  կատարես աշխատանքդ»,– նկատեց նա։

 

Ագնեսա Շահնազարյանը` Դիանա Գրիգորյանի հետ համագործակցության մասին