Yerevan music night. Երևանում սպասվում է անմոռանալի բացօթյա երեկո
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր արդեն աժիոտաժ է սկսվել. նախապատրաստվում է Yerevan music night փառատոնը, որը վաղը` ժամը 18։00–ից երևանցիներին հրավիրում է վայելել երեկոն միասին։
«Կամի» ակումբի տնօրեն Արման Միտոյանը Tert.am Life–ին հայտնեց, որ սկսել են տոնական ձևավորումը, քանի որ վաղը Երևանի սրտում հիշարժան երեկո է սպասվում։ ««Կամի» երաժշտական ակումբն իր 10–ամյակի կապակցությամբ «Երևանի գինու օրեր»–ի կազմակերպիչների հետ որոշել է նվեր մատուցել մեր մայրաքաղաքի հյուրերին և բնակիչներին։ Միջոցառման ժամանակ ելույթ կունենան Լևոն Մալխասյանը, Գոռ Սուջյանը, Kami friends բենդը»,– ասաց նա ու հավելեց, որ երեկոյի ընթացքում սպասվում են անակնկալներ։
«Ունենալու ենք հատուկ հյուր, որի ով լինելը մինչև վերջին պահը չենք բացահայտելու։ Նրա մասնակցությունը մեծ անակնկալ կլինի ներկաների համար»,– ասաց Արմանը։
Համերգային մասի երաժշտական ուղղությունները տարբեր են, նրանց միավորում է մի գործոն` որակը. «Ամենակարևորն այն է, որ լինելու է ճաշակով երաժշտություն։ Այսպիսով` նպատակ ունենք պրոպագանդել լավ երաժշտություն»։

Արմանը նշեց, որ իրենց մյուս նպատակը զբոսաշրջիկներին հետաքրքրելն է։ «Քանի որ սեպտեմբերին քաղաքում շատ են տուրիստները, ուզում ենք տեսնեն, որ մեր քաղաքում էլ են լինում լավ երաժշտության բացօթյա միջոցառումներ։ Ուզում ենք ավելի ներկայանալի լինել զբոսաշրջիկների համար»,– ասաց նա։
Yerevan music night–ը միտված է ավելի ակտիվ ու էներգետիկ դարձնել երևանյան երիտասարդական կյանքը։ Այն առաջին անգամ է կազմակերպվում, Արմանը հուսով է, որ միջոցառումն ամենամյա տոն կդառնա Երևանի համար։
Մի շարք հայտնի մարդիկ` Մկրտիչ Արզումանյանը, Ավետ Բարսեղյանը, Հովհաննես Ազոյանը, Լուսինե Բադալյանը, Գրիշա Աղախանյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ֆելիքս Խաչատրյանը և այլք միանալու են երեկոյին և վայելեն երևանյան նոր տոնը։ Արմանը նշեց, որ երեկոյի ընթացքում կլինեն նաև հետաքրքիր խմիչքներ և ուտեստներ։







