Վաչեն, Գևոն, Լալան, Աննան և այլ հայտնիներ` «Ոսկի դպրոց» նոր սիթքոմում
Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի աշնանային եթերաշրջանում կլինի նոր սիթքոմ, որը կոչվում է «Ոսկի դպրոց»։ Սիթքոմի պրոդյուսեր, սցենարի հեղինակ Վաչե Թովմասյանը Tert.am Life–ին պատմել է առաջին մանրամասները նոր նախագծի մասին:
«Ucom-ը շարունակում է աջակցել Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի նոր բովանդակության ստեղծմանը: Սիրված դերասանի մասնակցությամբ սիթքոմի յուրաքանչյուր նոր մաս Ucom-ի բաժանորդները կարող են մեկ օր շուտ դիտել «Տեսավարձույթ» բաժնում»,- նշում է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Սյուժեն կառուցված է մի հանցագործի շուրջ, որը ոսկիներ է գողացել և թաքնվում է ոստիկաններից։ Նա հասկանում է, որ վաղ թե ուշ իրեն կբռնեն և ոսկիները պահում է մի փոսի մեջ։ Ի վերջո, ոստիկանները կալանավորում են հանցագործին։ 5 տարի բանտում անցկացնելուց հետո, նա դուրս է գալիս և գնում ոսկիների հետևից։ Պարզվում է` այդ նույն վայրում դպրոց են կառուցել։ Ոսկիները վերցնելու համար նա դպրոցում որպես ուսուցիչ է ներկայանում, որտեղ էլ սկսվում են արկածային պատմությունները։ Կարծում եմ` շատերին դուր կգա։ Նման կառուցվածքով ֆլիմեր համաշխարհային շուկայում շատ կան։ Կարծում եմ` հայկական տարբերակն էլ հետաքրքիր կլինի ու կսիրվի շատերի կողմից»,– ասաց Վաչեն։

Պրոդյուսերը նշեց, որ դերասանական կազմում ընդգրկված են Աննա Գրիգորյանը, Լալա Մնացականյանը, Սերգեյ Սարգսյանը, Եվա Զոհրաբյանը, «Կարգին հաղորդումից» հայտնի Աշոտ Մելոյանը, «Վիտամին» ակումբից հայտնի Մհեր Մխիթարյանն ու Վահե Բեգլարյանը` Բոնին և այլք։
«Հեռուստադիտողը տեսնելու է սիրված դերասանների, որոնք երկար ժամանակ եթերում չեն եղել։ Օրինակ` 10 տարվա դադարից հետո եթեր կվերադառնա Գևոն։ Նա կներկայանա դպրոցի շատ խիստ պահակի դերով։ Շատ հետաքրքիր կերպար է»,– հավելեց Վաչեն։
«Ոսկի դպրոց» սիթքոմի առաջին եթերաշրջանը բաղկացած կլինի 24 էպիզոդից։ Սիթքոմի սցենարի վրա աշխատել են Գրիգոր Գևորգյանը, Վաչե Թովմասյանը, Մհեր Մխիթարյանը և Վահե Բեգլարյանը։ Սիթքոմի ռեժիսորը Կարեն Ադամյանն է։








