Ինչպես է անցել աշխարհահռչակ Լու Բեգայի բացօթյա համերգը Երևանում
Երևանում երեկ կայացավ Yerevan Music Night–ը, որը նախաձեռնել են «Կամի» ակումբի տնօրինությունն ու «Երևանի գինու օրերի» կազմակերպիչները։ «Կամի» ակումբի 10–ամյակի կապակցությամբ` Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված միջոցառմանը ներկա էին ոչ միայն հայեր, այլև զբոսաշրջիկներ։ Tert.am Life-ը ներկայացնում է համերգի հետաքրքիր պահերը։ Միջոցառմանը ներկա էին մի շարք հայտնի դեմքեր, որոնք բաց չէին թողել երևանյան նոր տոնին մասնակցելու առիթը։ Ի դեպ, կազմակերպիչները նախատեսում են միջոցառումը դարձնել ամենամայա փառատոն։
Բացօթյա համերգը սկսվեց հայ կատարողների ելույթներով։ Հանդիսատեսին ներկայացան Լևոն Մալխասյանը. Գոռ Սուջյանը, Kami friends բենդը, Արամ MP3–ն։ Երեկոյի հատուկ հյուրի անունը գաղտնի էր պահվում մինչև վերջին վայրկյանը։ Ժամը 22–ին, վերջապես հայտարարվեց սպասված անունը. աշխարհահռչակ Լու Բեգան երկրորդ անգամ Երևանում է և ներկայացնում է հայտնի հիթերը։
Երգիչը հայերեն ողջունեց հանդիսատեսին ու սկսեց կատարել հայտնի երգերը։ Լու Բեգան լրագրողներին ասաց, որ իր համար սա հրաշալի առիթ է կրկին լինել Հայաստանում։ Ինքն իրեն շատ լավ է զգում այստեղ: Երգիչը 20:30 ժամանել է Երևան, 22։00–ին բարձրացել բեմ։ Ասում է` ծանր թռիչք է ունեցել, չնայած դրան` հրաշալի տրամադրություն ունի։




Երգիչը բացառիկ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ։ Նա նկատեց, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը, իսկ Հիսուս Քրիստոսն իր համար ամենաազդեցիկն է։ «Ձեր հետևում այնքան մեծ պատմություն կա։ Ինձ դուր է գալիս այս երկրի պատմությունը, հնությունը: Ինձ համար Հայաստանն ամենահետաքրքիր ազգություններից է: Ես չեմ ասում երկիր, ասում եմ` ազգ, որովհետև դուք, իսկապես, ազգ եք, էթնոս: Հիմա մենք տեսնում ենք, թե որքան խենթ է դարձել այս աշխարհը, հատկապես, այս իրավիճակում հրաշալի է հյուրընկալվել մի ազգի, որը դարեր ի վեր պահպանում է նույն ավանդույթները: Դուք ժամանակակից ու ազգային կյանքի խառնուրդ եք ներկայացնում»,- ասաց նա:






























Լուսանկարները` Լիդիա Վիրաբյանի







