Աշոտ Ղազարյանը` թոռնուհու նոր կերպարի մասին

14:04 • 18.09.17

«Նվագախմբի երեխաները» մյուզիքլի մասին Tert.am Life–ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Այստեղ իր մասնակցությունն ունի նաև Աշոտ Ղազարյանի թոռնուհին` «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակակիր 13–ամյա Անահիտ Ադամյանը։

 

Նկարահանումներից մեկի ընթացքին ներկա է եղել նաև Աշոտ Ղազարյանը։ Վերջինս պատմեց, որ նկարահանման հրապարակում լինել չի հասցնում, բայց թոռնուհու աշխատանքին հետևում է.  «Անահիտը մյուզիքլում մարմնավորում է թիթիզ աղջնակի, որն անընդհատ սոցցանցերում սելֆիներ ու տեսագրություններ է տեղադրում,  ուրախանում կամ տխրում ստացած լայքերի քանակից»:

 

Խոսելով նախագծի  մասին` դերասանն ասաց. «Ինչքանով հասցրել եմ ծանոթանալ նախագծին՝ կազմակերպիչներն ամեն ինչ արել են, որ հայ մանուկները հեռուստաէկրանից տեսնեն լավ որակի արտադրանք, սովորեն, միևնույն ժամանակ, վայելեն այդ րոպեները: «Նվագախմբի երեխաները»  մյուզիքլը վստահաբար սիրվելու է հեռուստադիտողի կողմից»:

 

Անահիտն էլ նշել  է, որ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում նկարահանվելն իր համար մեծ փորձ է։ «Առաջին անգամ եմ նկարահանվում հեռուստատեսային նախագծում։ Ինձ դուր են գալիս նկարահանումները, բայց հետագայում չգիտեմ` հանդես գալ կշարունակեմ այս ոլորտում, թե` ոչ։ Ինձ համար առաջնայինը երգն է»,– ասաց նա։

 

Աշոտ Ղազարյանը` թոռնուհու նոր կերպարի մասին