«Ես դեմ եմ սև հումորին, տպավորություն է` հաղորդավարն ինքնահաստատվում է». Արա Ղազարյանը` հատուկ «Հայաստանի ձայնի» համար Երևան ժամանելու մասին
Սեպտեմբերի 30–ին կմեկնարկի «Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանը, որի հաղորդավարներն են Նազենի Հովհաննիսյանն ու Արա Ղազարյանը։ Վերջինս ԱՄՆ–ից Հայաստան է եկել հատուկ այս նախագծի համար։ Այս ամիսների ընթացքում նա պարբերաբար կմեկնի ԱՄՆ և կվերադառնա Հայաստան։
Tert.am Life–ի հետ զրույցում Արան ասաց, որ շոյված է այս առաջարկից, քանի որ նախագիծը լուրջ ձևաչափ է։ Հաղորդավարի թեկնածությունը վերջնականապես հաստատվում է Հոլանդիայում։ Արայի խոսքով` իրեն ավելի շատ ուրախացրել է, ոչ թե հոլանդացիների հաստատումը, այլ Հայաստանում գործող պրոդյուսերների ընտրությունը։ «Կարծում եմ` տեղում աշխատող պրոդյուսերներն այնքան լուրջ են, որ ում թեկնածությունն էլ առաջարկեին, կհաստատվեր։ Ինձ համար մեծ պատիվ է, որ նրանք ինձ են ընտրել»,– նշեց նա։
Շոումենը նոր թիմին ադապտանալու խնդիր չի ունեցել, քանի որ բոլորին ճանաչում է, Նազենիի հետ էլ առաջին անգամ չէ ներկայանում դուետով. «Շատ հարգում և գնահատում եմ Նազենիին` որպես շատ վառ հեռուստաանհատ։ Կարծում եմ`տանդեմը կստացվի»։

Նախագծի «Կույր լսումներ» փուլն արդեն նկարահանվել է։ Նման նախագծերում հեռուստադիտողները տեսնում են նաև հաղորդավարների տեսակետը։ Արան ևս նախագծում ցույց կտա իր տեսակն ու մոտեցումը։ «Կային տաղանդավոր երեխաներ, որոնց դեպքում ժյուրին չպտտվեց։ Ես հավանել էի իրենց, բայց չգիտեմ` ժյուրիի կարգավիճակում ինքս կպտտվե՞ի, թե՞ ոչ, որովհետև հաղորդավարի դիրքերից ես նաև տեսնում էի մասնակցին։ Կվախենամ դատել։ Կարծում եմ` բոլորն անաչառ են։ Նման մրցույթների ժամանակ շատ կարևոր է նաև հաջողությունը»,– ասաց Արան։
Ե՛վ ուրախության, և՛ տխրության պահին մասնակցին առաջին խոսք ասողը հաղորդավարն է։ Սա շոումենից պահանջում է նաև հոգեբանական ճիշտ աշխատանք։ «Ես փորձում եմ այնպես անել, որ մասնակիցներն իրենց լավ զգան։ Փորձում եմ քաջալերել, որովհետև մարդիկ ամիսներ շարունակ երազել են այդ մասին։ 3 րոպեի ընթացքում երազանքը կոտրվում է։ Բարդ է, պետք է ուժեղ լինես, որ հաղթահարես դա։ Յուրաքանչյուր մարդ ունի արժանապատվություն։ Եթե չի անցնում, արդեն սթրեսով գալիս է այդ սենյակ, պետք է գոնե լավ խոսքեր ասել։ Լինում է, երբ մի քիչ էլ կեղծում եմ, բայց կարծում եմ` ավելի լավ է այդպես, քան մարդը հոգեբանական տրավմայով հեռանա նախագծից։ Ես դեմ եմ սև հումորով հաղորդավարական ուղղությանը, դա շատ տգեղ է, տպավորություն է` հաղորդավարն ինքնահաստատվում է։ Ես փորձում եմ մասնակցին խորհուրդ տալ` որպես ավագ ընկեր, քաջալերել, եթե չի անցել»,– ընդգծեց հաղորդավարը։

Արան փաստում է` այս նախագիծը, նախ և առաջ, ժյուրիի և մասնակիցների մասին է, վերջինը` հաղորդավարի։ «Մարդիկ նախագիծը նայում են ժյուրիի կարծիքը լսելու, մասնակիցների ելույթները տեսնելու համար են։ Ցանկալի է, որ հաղորդավարները լինեն վառ անհատականություններ, սակայն նրանք վերջին պլանում են։ Եթե իմ հեղինակային հաղորդումների ժամանակ ես եմ առաջին պլանում, այս դեպքում այդպես չէ, լույսերը իմ և Նազենիի վրա չեն։ Ցանկացած պրոֆեսիոնալ հաղորդավար պետք է հասկանա ու զգա դա և ինքնակամ գնա հետին պլան»,– նկատեց նա։








