«Նախագիծը գալու է մի հսկայական պահանջ բավարարելու». Կարեն Ծատուրյանը՝ «Նվագախմբի երեխաների» մասին

18:23 • 23.09.17

Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքով շուտով կմեկնարկի «Նվագախմբի երեխաները» մյուզիքը: Այս անգամ զրուցել ենք նախագծի երաժշտական պրոդյուսեր Կարեն Ծատուրյանի  հետ՝  մյուզիքլի   կարևորության, իրականացման դժվարությունների և այլ մանրամասների  մասին:

 

«Սա առաջին մանկական հեռուստասերիալն է, որում աշխատում եմ: Չնայած սա այդքան էլ մանկական չէ, երիտասարդական նախագիծ է: «Նվագախմբի երեխաները» նախագիծը բավականին յուրահատուկ նախաձեռնություն է։ Ինձ հետաքրքրեց այս նախագծի գաղափարը: Բավականին երկար ժամանակ է, ինչ ակտիվ աշխատում եմ հայկական շոու բիզնեսում։ Այսօրվա պատանիների նախընտրությունները մի քիչ դուրս են հայկական երաժշտությունից: Այսինքն, որակային սահմանը, որ ունեն պատանիներն իրենց մեջ, մեծ մասամբ վերցված է դրսի երաժշտական չափանիշներից: Նախագիծը գալու է մի հսկայական պահանջ բավարարելու, ինչն արվելու է հնարավորինս բարձր որակով»,– ասաց նա և հավելեց, որ  ֆիլմում գրագետ լեզու կա, լավ երաժշտություն, այնպես որ, դաստիարակչական կլինի։

 

Հարցին` տարիների ընթացքում հեռուստադիտողը  որքանո՞վ է փոփոխել  իր երաժշտական նախասիրությունները` Ծատուրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հեռուստադիտողը չի փոխում իր երաժշտական նախասիրությունը: Ժամանակի ընթացքում նոր աստղեր են գալիս, նոր երաժշտություն, բայց, ընդհանուր առմամբ, ճաշակ հաստատ չի փոխվում մարդկանց մեջ: Ինձ համար միակ փոփոխությունը դա է: Այսինքն, նոր սերունդ  է գալիս և իր հետ բերելով նոր երաժշտություն»։