Իվետա Մուկուչյան. «Գայլերը որոշակիորեն բնորոշում են ինձ»
Tert.am Life–ն իր ընթերցեղներին ներկայացրել է երգչուհի Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Դեպի նոր իրականություն» երգի հիման վրա։ Այսօր ներկայացնում ենք մանրամասներ երգի և տեսահոլովակի ստեղծման մասին։
Երգի երաժշտության հեղինակը Իվետա Մուկուչյանն է, խոսքերի համահեղինակներն Իվետան ու Ավետ Բարսեղյանն են։
«Այս երգը գրելիս սկզբում ստեղծեցի անգլերեն տարբերակը, այնուհետև Ավետի հետ գրեցինք հայերենը: Ավետը, ինչպես միշտ, կարողացավ իր հիանալի ձեռագրով խոսքերն այնպես դարձնել հայերեն, որ իմաստը ոչ միայն չտուժի, այլև ընդգծվի»,- նշեց Իվետան:
Վերջինս հույս ունի, որ այս երգը ուժ կտա երիտասարդ սերնդին, ինքնավստահություն կփոխանցի. «Ամեն ինչ մեր ձեռքերում է: Չնայած ամեն տեսակի դժվարություններին` մենք կարող ենք քայլել դեպի նոր իրականություն, ինչու չէ, նաև ստեղծել այն»:

«Դեպի նոր իրականություն» տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: «Սա Արթուր Մանուկյանի հետ մեր առաջին համագործակցությունը չէ: Առաջին անգամ չէ, որ նա ցույց տալիս, թե ինչպես է հնարավոր գերկարճ ժամանակամիջոցում ստանալ հետաքրքիր, բարձր ճաշակով և տարբերվող արդյունք: Ես նրան ամեն անգամ նորովի եմ բացահայտում»,- ասաց երգչուհին։
Տեսահոլովակում առկա են գայլերի կերպարներ, որոնք, ըստ Իվետայի, որոշակիորեն բնորոշում են իրեն: «Գայլերը թեև բարեհամբույր են, այնուամենայնիվ, ինքնապաշտապանողական բնազդ ունեն, որն արթնանում է՝ տվյալ միջավայրին համապատասխան: Ու քանի որ գայլերը խմբերով են հանդես գալիս, այն համապատասխանեց երգի բովանդակությանը: Մենք միայն միասին պետք է փորձենք գնալ դեպի նոր իրականություն»,- նշեց նա:
Երգչուհին հայտնեց, որ տեսահոլովակն իրականություն է դարձել Factory production-ի հետ համագործակցության արդյունքում: Երգի գործիքավորումը՝ Rhannes-ի, տեսահոլովակի օպերատոր՝ Արտյոմ Աբովյան, պարողներ՝ SwagArt դպրոց, ոճաբան՝ Ալբերտ Գրիգորյան, հագուստը՝ Սեդա Մանուկյանի և MUKUCHYAN, դիմահարդար՝ Յանա Բաբաջանյան:









