Կնոջ և երեխաների անակնկալը Մենչի 42-ամյակին
Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա բոլորում է 42 տարին։ Tert.am Life–ի հետ զրույցում Արմենն ասաց, որ օրը շատ լավ է սկսել, բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել աշխարհի տարբեր երկրներից։
«Տարեդարձս սկսվեց կեսգիշերին` երեխաներիս մեծ անակնկալով ու շնորհավորանքով։ Սովորաբար իրենք այդ ժամին արթուն չեն լինում, որովհետև առավոտյան ժամը 8–ին դասի են գնում, սակայն երեկ չէին քնել։ Ես վերադարձա «Ֆուլ հաուսի» համերգից, իրենք զարդարել էին սենյակը, նկարներ, պաստառներ, նվերներ էին պատրաստել ու սպասում էին ինձ։ Ամեն ինչ իրենց ձեռքերով էին պատրաստել։ Շատ հաճելի անակնկալ էր»,– պատմեց դերասանը, ում ավագ դուստրը` Էլինան, 14 տարեկան է, իսկ երկվորյակները` Մարիան և Աշոտը, 9 տարեկան։
Անդրադառնալով կնոջ` Քրիստինայի շնորհավորանքին` Մենչն ասաց, որ կինն ու մայրը նույնպես մասնակցել են երեխաների անակնկալին, տորթով դիմավորել իրեն։ Կեսգիշերին ընտանիքով նշել են տարեդարձը։ Թե Քրիստինան ինչ նվեր է մատուցել ամուսնուն, Մենչը նախընտրեց չբացահայտել։

Այսօր արդեն Արմենն աշխատանքային օր կունենա։ Երեկոյան «Ֆուլ հաուս» ներկայացում կա, այնպես որ, խնջույք կազմակերպել չի հաջողվի։ Վերջին տարիներին Մենչը հաճախ է ունենում «աշխատանքային ծնունդներ»։ Ընտանիքի անդամների համար նա միշտ կազմակերպում է խնջույքներ, իր համար` ոչ։ «Ես շատ չեմ սիրում խնջույքներ կազմակերպել ինձ համար։ Ավելի շատ սիրում եմ տոներ կազմակերպել տանեցիներիս համար։ Այս տարի ծնունդս համընկավ համերգի հետ։ Ես հատուկ չէի ծրագրել դա։ Միգուցե, եթե համերգը չլիներ, ինչ–որ կերպ նշեի ծնունդս»,– ասաց նա։
Իր կյանքի 42 տարիների ամենամեծ ձեռքբերումը Արմենը համարում է իր ներդաշնակ ընտանիքը։ «Ես չեմ խոսի աշխատանքային ձեռքբերումների մասին, կխոսեմ միայն ու միայն ընտանիքիս մասին, որն իմ ամենամեծ ձեռքբերումն է և երբեք իր տեղը չի զիջի որևէ այլ ձեռքբերման»,–նկատեց պրոդյուսերը։

Տարեդարձին օրը դերասանը հատուկ երազանք չի պահում, սակայն ոչ այն պատճառով, որ չի հավատում դրանց իրականանալուն, պարզապես կարծում է, որ երազել պետք է ամեն օր։ «Ես վաղուց երազանք չեմ պահում ծննդյանս օրը, որովհետև ամեն օր երազանքներով եմ ապրում։ Կարծում եմ`առանց երազանքների ապրելը մի քիչ անհետաքրքիր է։ Երազանքներ շատ ունեմ տարբեր բնագավառներում` թե՛ ընտանեկան, թե՛ գործնական։ Որևէ մեկն առանձնացնել չեմ ուզում, որովհետև երազանքներս շղթայական կապ ունեն իրար հետ։ Մեկի իրականացումը մյուսի սկիզբն է»,– եզրափակեց նա։







