«Օսկար»-ի «օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանից կներկայացվի «Եվա» դրաման
Ամերիկյան կինոակադեմիայի` «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայկական ազգային կինոակադեմիան կներկայացնի ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման։ Այս մասին Tert.am Life–ին հայտնեցին «Ոսկե ծիրանի» մամուլի ծառայությունից։
Ֆիլմը հայալեզու է։ Այն հայ–իրանական ֆիլմարտադրողների համագործակցության արդյունք է։ Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Նկարահանումներն իրականացվել են Արցախում։ Այժմ այն ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում։
Կինոնկարի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակը Անահիտ Աբադն է, օպերատորը՝ Հասան Քարիմին, կոմպոզիտորը՝ Վահան Արծրունին, պրոդյուսերը՝ Թաղի Ալի Ղոլիզադեհը։
Ֆիլմում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և այլք։







