«Սիրահարված եմ հայկական մշակույթին, հատկապես՝ երաժշտությանը». բրիտանական The Voice նախագծի ֆինալիստ Էշլի Մորգանը Հայաստանում է

16:47 • 29.09.17

 

Բրիտանական The Voice նախագծի ֆինալիստ Էշլի Մորգանն այս օրերին Հայաստանում է: Պարզվում է` նա հայկական երաժշտության մեծ սիրահար է։ Երգիչը Հայաստան է եկել հատուկ  Հասմիկ Կարապետյանի «Դու պիտի ապրես» տեսահոլովակի շնորհանդեսին մասնակցելու համար։ Tert.am Life–ը ներկայացնում է երգչի զրույցը, որը կայացավ երգչուհու տեսահոլովակի շնորհանդեսից հետո։

 

«Շատ եմ սիրում Հայաստանը։ Սիրում եմ հայկական երաժշտությունը, ուտեստները, կառույցներն ու Արարատը։ Այստեղ արդեն երրորդ անգամ եմ: Առաջին անգամ տասը տարի առաջ եմ եղել»,- ասաց երգիչը, որը Հայաստանում է եղել նաև այս տարվա մայիսին, մասնակցել է նոր հաղորդաշարի նկարահանումներին, որի հաղորդավարուհին Հասմիկ Կարապետյանն է։

 

«Շատ ոգևորված էի Հասմիկին հանդիպելու համար։ Մասնակցել եմ Car Toot Karaoke-ի նկարահանումներին: Հաղորդման իմաստն այն է, որ ես հայ երգիչների երգերից հատվածներ եմ սովորում ու երգում նրանց հետ: Նկարահանվել եմ 6-7 հաղորդման մեջ՝ Ալլա Լևոնյանի, Հասմիկ Կարապետյանի, Սոֆի Մխեյանի, Ավետ Բարսեղյանի, Ռազմիկ Ամյանի և այլ հայ աստղերի հետ»,– նշեց նա։

 

 

 

Երգիչը Հայաստանում կանցկացնի ևս 5 օր, սակայն խոստանում է կրկին վերադառնալ այստեղ։ «Սիրահարված եմ հայկական մշակույթին, հատկապես՝ երաժշտությանը։ Երբ շատ երիտասարդ էի, ծանոթացա Հովիկ Ազարյան անունով մի մարդու հետ: Նա ծնվել է Անգլիայում, հայկական  երաժշտության մեծ երկրպագու է։ Նրա շնորհիվ ծանոթացա հայկական մշակույթին, շատ սիրեցի հայկական երաժշտությունը: Դրանից հետո սկսեցի լսել Հասմիկի, Ալլայի, Սիրուշոյի, Ինգա և Անուշ Արշակյանների, Ռազմիկ Ամյանի ստեղծագործությունները»,– պատմեց Էշլին։

 

Երգիչը հայերեն չի խոսում և չի հասկանում, սակայն երգում է հայկական ստեղծագործություններ, տպավորված է Կոմիտասի ժառանգությամբ։ «Կատարել եմ Կոմիտասի ստեղծագործություններից մի քանիսը։ Կարծում եմ՝ սրանք շատ գեղեցիկ ստեղծագործություններ են: Դրանք կատարելու եմ Կոմիտասին նվիրված համերգի ժամանակ: Չեմ հասկանում հայերեն, բայց երգում եմ։ Հատկապես դժվար եմ արտաբերում «ղ» տառը: Այդ արտասանությունն ինձ համար իսկական մարտահրավեր է»,– ասաց նա։

 

Էշլին շատ է սիրում նաև Սիրուշոյին, հատկապես, նրա  «ՊռեԳոմեշ» երգը և երազում է  Սիրուշոյի հետ երգելու մասին:

 

 

«Սիրահարված եմ հայկական մշակույթին, հատկապես՝ երաժշտությանը». բրիտանական The Voice նախագծի ֆինալիստ Էշլի Մորգանը Հայաստանում է