«Վիտամինցիների» պայքարը. մեկնարկում է 3/OFF–ի նոր եթերաշրջանը

13:05 • 03.10.17

 

Հոկտեմբերի 6-ից «Արմենիա TV»–ի եթերում կմեկնարկի 3/OFF հաղորդաշարի նոր եթերաշրջանը, որի շրջանակում հայտնի մարդիկ հեռուստադիտողներին կներկայանան մրցակցային դաշտում, կխաղան տարբեր խաղեր։  Tert.am Life–ը ներկա է եղել հաղորդման նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում լուսանկարներ «Վիտամինի» տղաների մասնակցությամբ զվարճալի եթերից։

 

Ժամանցային նախագծի հաղորդավար Արտյոմ Հակոբյանը  Tert.am Life–ին հայտնեց, որ նոր եթերաշրջանում փոփոխվել է  հաղորդման ձևավորումը, ինչպես նաև, ավելացել են նոր մրցույթներ։ «Արդեն ունեցել ենք մի քանի նկարահանում, որոնցից հետո կարող եմ ասել, որ նոր մրցույթները բավականին հաջողություն են ունենալու։ Հին մրցույթները չենք հանել, պարզապես, համալրել ենք նորերով։ Եթե նախկինում 9 փուլ էր բաժանվում հաղորդումների միջև, հիմա 14–ն է։ Փուլերն ավելի քիչ կկրկնվեն»,– նկատեց հաղորդավարը։

 

Անդրադառնալով հյուրերին` Արտյոմն ասաց, որ երկրորդ եթերաշրջանի ընթացքում առաջին եթերաշրջանի  հյուրերը չեն կրկնվելու։ Երբեմն, հաղորդավարները ստեղծագործական թիմին ներկայացնում են անուններ, որոնց հետ իրենք չեն կարող աշխատել։ Արտյոմի խոսքով` ինքը նման խնդիրներ չունի` պատրաստ է հյուրընկալել բոլորին. «Մեզ մոտ որևէ մեկին հրավիրվելու չափանիշը ժողովրդի սերը վայելելն է»։

 

 

Նախագծի հաջողության գրավականներից մեկը հյուրերի ճարպկությունն ու անմիջականությունն է։ Հաղորդավարը մասնակցում է հյուրերի ընտրությանը, երբեմն էլ, անձնական կապերն օգտագործում նրանց հրավիրելու համար։ «Երբեմն, բանակցություններին եմ մասնակցում, որովհետև հարկ է լինում անձնական կապերով հրավիրել մարդկանց։ Հայտնի մարդիկ, ում բոլորը սովոր են տեսնել ուրիշ վիճակում,այստեղ  հայտնվում են մանկության գրկում` կարծես ժամանակի մեքենայի մեջ ընկնեն»,– ասաց Արտյոմը։

 

Նա ուրախ է, որ իրենց նախագիծը վայելում է հեռուստադիտողների սերը։ «Գնահատականը տալիս է հեռուստադիտողը, դա երևում է դիտելիությամբ։ Բավականին բարձր ռեյթինգ ունենք։ Արձագանքներն էլ շատ են և դրական։ Մարդիկ սիրել են նախագիծը և սպասում են երկրորդ եթերաշրջանին։ Պետք է երկրորդ եթերաշրջանը չթուլացնենք, այլ ավելի գեղեցիկ ներկայացնենք»,– եզրափակեց հաղորդավարը։

 

Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի

«Վիտամինցիների» պայքարը. մեկնարկում է 3/OFF–ի նոր եթերաշրջանը