«Մեր ուզածին երբեմն հասնում էինք կատակով, խաղով ու կոնֆետով». ռեժիսոր Գրիգոր Վահրամյանը՝ «Նվագախմբի երեխաների» մասին
Հոկտեմբերի 15-ից Ucom ցանցում գործող «Արեմնիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում մեկնարկում է «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլը: Հեռուստաֆիլմի բեմադրող ռեժիսոր Գրիգոր Վահրամյանը երեխաների հետ աշխատելու առանձնահատկությունների և նախագծի մասին։
-Գիտենք, որ մանկական մյուզիքլում առաջին անգամ եք աշխատել: Ո՞րոնք են նման նախագծերի առանձնահատկությունները:
-Այո, սա առաջին մանկական նախագիծն է, որտեղ հնարավորություն ունեցա աշխատելու: Դժվարություն ասվածը միայն մի բանում էր, որ իրենք պարզապես երեխաներ են: Նրանք հարցին ու գործին չեն վերաբերում այնպես, ինչպես կվերաբերի ցանկացած հասուն, մեծ մարդ: Միակ խնդիրը հարաբերականորեն նրանց երեխա լինելն էր:

-Մի ամբողջ օր նկարահանում ու հոգնած, ձանձրացած երեխա: Ռեժիսորական ի՞նչ մեթոդներ էին կիրառվում նրանց իրականություն վերադարձնելու համար:
- Այստեղ էլի առաջ էր գալիս այն հանգամանքը, որ նրանք երեխա են ու իրենց հետ պետք է շփվել իրենց լեզվով: Մեր ուզածին հասնում էինք թե՛ խոսքով, թե՛ պարով, երբեմն կատակով, խաղով ու կոնֆետով: Այսինքն՝ երեխաներին թարմացնելու միակ ճանապարհն իրենց խաղի կանոններով խաղալն էր:
-Ֆիլմն իր մեջ ունի՞ ռեժիսորական այնպիսի մոտեցումներ, որոնք չունեն մեր եթերում եղած սիթքոմերը:
-Երբևէ չի արվել մանկական սիթքոմ, դա ամենամեծ առավելություններից մեկն է: Դիտողականության առումով կարող եմ վստահ լինել, որ բարձր ռեյթինգ է ունենալու, որովհետև բացի այն, որ մանկական է, գունավոր ու պայծառ է, կան երաժշտական և պարային հետաքրքիր լուծումներ: Մյուզիքլը գալու է բավարարելու եթերային այն բացը, որը տարիների ընթացքում առաջացել է հեռուստադիտողի մոտ: Չեմ անտեսում նաև դաստիարակչական գործառույթը, գրագետ խոսքը:

-Եթե խոսում եք դիտելիության խնդիր չունենալու մասին, կարո՞ղ ենք ենթադրել, որ ֆիլմը կկրի շարունակական բնույթ:
-Ենթադրում եմ, որ հանդիսատեսը ցանկություն է ունենալու դիտելու երկրորդ և երրորդ եթերաշրջանները: Սցենարն այնքան հետաքրքիր, ինֆորմատիվ է ու օգտակար, որ միանշանակ պահանջելու է շարունակություն: Սա այն դեպքն է, որ շարունակությունն անմիջականորեն կապված չէ ռեյտինգ ասվածին:
- Ցանկություն կունենա՞ք շարունակել աշխատանքը, երբ երեխաների հետ աշխատանքի բոլոր դժվարություններն արդեն ճաշակել եք:
- Եթե երկրորդ անգամ ավելի բարդ խնդիր առաջարկեն, կրկնակի ոգևորությամբ կանցնեմ գործի: Միանշանակ կողմ եմ ավելի բարդ խնդիրներ լուծելուն:







