Հայկ Մարությանն ավտոմեքենա է վաճառել` «Սուպեր մամա 2»–ը նկարահանելու համար. ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

12:29 • 05.10.17

 

Թե ինչ կարող է լինել, երբ Գարիկ Պապոյանն ու Հայկ Մարությանը կանանց կերպարներով հայտնվեն գաղութում, խիստ անկանխատեսելի է։ Միանշանակ է այն, որ նրանք կարող են ծիծաղ պարգևել իրենց հանդիսատեսին։ Կայացավ «Սուպեր Մամա 2» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի առաջին մասը մեծ հաջողություն ունեցավ։ Պրոդյուսեր Հայկ Մարությանը նշում է, որ այն ամենաշատ վաճառված ֆիլմն է Հայաստանում։

 

Tert.am Life–ը ներկայացնում է պրեմիերայի մանրամասները։

 

Հայկը սրտի թրթիռով էր սպասում երկրորդ ֆիլմի ցուցադրությանը, քանի որ հաջողված ֆիլմի երկրորդ մաս նկարահանելն առավել, քան ռիսկային է։ Ֆիլմի առաջին հանդիսատեսը ստեղծագործական թիմի անդամներն էին, նրանց ընկերներն ու լրագրողները։ Առաջին գնահատականը բարձր էր` ջերմ ծափահարություններ ու շնորհավորանքներ։ Հանդիսատեսն իր գնահատականը կտա այսօրվանից։

 

 

«Երկրորդ մասը ստեղծելիս դժվարություններն ու տանջանքը կրկնակի էին։ Երկու բառով կուզեի գովել Հայաստանն ու մեր ժողովրդին, պոզիտիվը շատ հաճախ չենք տեսնում, բայց նկարահանումներին ամեն քայլի մեզ փորձում էին օգնել։ Մեզ սատարում էին, ուզում էին մասնակից լինել ծիծաղ պարգևող ֆիլմի ստեղծմանը։ Մի փոքր օրինակ բերեմ, հավանաբար, գիտեք՝ կինս Չեխիայից է, մեր ընտանիքի երկրորդ հայրենիքը Չեխիան է։ Մեկնել էինք Չեխիա, ես մի քիչ շուտ վերադարձա, կինս  չորս երեխայի հետ ավելի ուշ եկավ։ Երբ նա վերադառնում էր, Պրահա–Կիև չվերթի ժամանակ նրան չեն օգնել, իսկ արդեն Կիև-Երևան չվերթի ժամանակ երեխաներին գրկել են, կերակրել, քնեցրել, թեև վերջինը պետք չէր:) Կնոջս խոսքով՝ այդ ժամանակ իրեն տանն էր զգում։ Պետք է կողքից գնահատենք այդ լավ վերաբերմունքը»,– պատմեց Հայկը։

 

Ինչ վերաբերում է «Սուպեր Մամային», դերասանը նկատեց, որ այն ամբողջական էր, միակ կիսատ բանը, որ մնացել էր, այն էր, թե ինչ եղավ այդ ընտանիքի հետ հետագայում: 

 

 

Հայկ Մարությանի, Գարիկ Պապոյանի, Անի Խաչիկյանի, Հրաչ Մուրադյանի, Լիլի Էլբակյանի, Արման Նավասարդյանի, Էվա Խաչատրյանի, Արսինե Նավասարդյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմը ներկայացնում է ընտանիքի պատմությունը 5 տարի անց։

 

«Քանի որ մարդիկ շատ սիրեցին կերպարներին, միտք առաջացավ նկարահանել հերոսների կյանքի շարունակությունը: Ֆիլմի առաջին մասի հաջողությունը պատճառ դարձավ, որ ստեղծենք երկրորդը»,- նշեց Հայկը` նշելով, որ ֆիլմերի տարբերությունն այն է, որ եթե առաջին ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն էր, սա արկածային է։

 

Առաջին «Սուպեր Մամայի» պրեմիերայի ժամանակ պրոդյուսեր Հայկ Մարությանը նշել էր, որ ֆիլմը նկարահանելու համար վաճառել է իր բնակարանը։ Պարզվում է` այս անգամ նա վաճառել է ավտոմեքենան։

 

 

«Ֆիլմը մոտ 2 անգամ ավելի թանկ էր, քան առաջին  «Սուպեր Մաման»: Բնականաբար, երբ գնում ես առաջ, ունենում ես նոր սանդղակ, որին հասնելու համար պետք է վերև բարձրանաս: Միայն սցենարով և խաղով չես կարող դա անել: Երբ սցենարը լինում է արկածային, բարդանում են նկարահանումները, բյուջեն շատ արագ սկսում է աճել: Մի ավտոմեքենա ունեի, այս անգամ դա եմ վաճառել, պակասող գումարը լրացրել ենք վարկով` հուրախություն բանկերով»,– պատմեց Հայկը։

 

Ֆիլմի հաշվարկային նախնական թիվը մոտ 400,000 դոլար  է եղել, սակայն ծախսերի վերջնական հաշվարկը ստեղծագործական թիմը դեռևս չի արել:

 

Այս անգամ գործողությունները ծավալվում են կանանց գաղութում։ Ֆիլմի գլխավոր շեշտադրումներից մեկը Գարիկի կերպարանափոխությունն էր։ Այս անգամ նա ևս ներկայանում է կնոջ կերպարով։ Հայկը կատակում էր, որ Գարիկն այնքան գեղեցիկ աղջիկ էր կերտել, որ ինքը սկսել էր խանդել։

 

Լուսանկարները` Շուշան Անտոնյանի

Հայկ Մարությանն ավտոմեքենա է վաճառել` «Սուպեր մամա 2»–ը նկարահանելու համար. ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը