«Մենք շատ երկար աշխատեցինք այս նախագծի վրա». Դիանա Գրիգորյանը` «Նռան հատիկի» բարձր ռեյթինգի մասին

13:44 • 07.10.17

 

Մոտ 1 ամիս է, ինչ «Արմենիա TV»-ի եթերում  մեկնարկել է Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկ» դրաման։ Ըստ ռեյթինգային տվյալների` հեռուստասերիալն առաջին օրվանից գլխավորել է վարկանշային աղյուսակը։ Այն բավականին բարձր ռեյթինգ ունի նաև Youtube–ում, թեև ի տարբերություն «Առաջնորդների», «Նռան հատիկը» համացանցում  հայտնվում է հեռուստատեսությամբ ցուցադրվելուց հետո։

 

Tert.am Life–ի հետ զրույցում նախագծի ղեկավար Դիանա Գրիգորյանն ասաց, որ այս արդյունքն իր համար ցանկալի էր և սպասելի։

 

«Մենք շատ երկար մտածեցինք,աշխատեցինք նախագծի շուրջ, երկար ընտրեցինք դերասաններին։ Այս արդյունքը ոչ միայն սպասելի էր, այլև շատ ցանկալի, որովհետև ես, խումբս,հետո նաև դերասանական անձնակազմը շատ լավ աշխատեցինք։ Ինձ համար անսպասելի էր միայն Youtube–ի դիտումների քանակը, քանի որ ամեն սերիան եթերից հետո է հայտնվում համացանցում։ Այն, որ արդեն նայած պրոդուկտն այդպիսի դիտողականություն կունենա, զարմանալի էր։ Յուրաքանչյուր սերիան 150 հազարից ոչ պակաս դիտում է ունենում, իսկ առաջին սերիայի դիտումների քանակը հասել է 300 հազարի»,– ասաց պրոդյուսերը։

 

 

Դիանան հաջողության գրավականը համարում է լավ սյուժեն և դերասանական ճիշտ կազմը։ «Սա թիմային աշխատանք է, ինչ–որ մեկի աշխատանքը չէ։ Մի քանի էլեմենտ կա` ճիշտ սյուժե, ճիշտ քասթինգ, ճիշտ անձնակազմ, որակյալ և շատ աշխատանք։ Թերևս, ամենակարևորն է միջուկը` սյուժեն, որովհետև կարող են լինել հիանալի դերասաններ, բայց եթե միջուկը եղավ վատը, անհաջողությունը պատրաստ է։ Նույնն էլ հակառակն է` կարող է լինել հրաշալի միջուկ, կատարողներդ վատը լինեն, անհաջողությունը կրկին պատրաստ է։ Ամեն բան փոխկապակցված է»,– նշեց սցենարիստը։

 

Չնայած բարձր ռեյթինգին` գլխավոր հերոսուհուն մարմնավորող Ռոզա Ֆիլբերգին չեն դադարում քննադատել վատ խաղի համար։ Դիանան սա նորմալ է համարում։ «Եթե ինչ–որ մի բան ուշադրության կենտրոնում է, շատ են նայում, բնականաբար, պետք է լինեն նաև քննադատություններ։ Դրանցից պետք է քաղես ճիշտ, առողջ և բանական խորհուրդները։ Իհարկե, կա խնդիր` կապված գլխավոր հերոսուհու խոսակցականի հետ, քանի որ նա երկար տարիներ ապրել է Մոսկվայում, սակայն Ռոզան արտաքանապես շատ համապատասխան էր այդ կերպարին։ Նա չափազանց աշխատասեր է և ամեն ինչ անում է, որպեսզի խոսքը լինի ճիշտ և գրագետ։ Միգուցե, ուրիշն այդքան չաշխատեր»,– եզրափակեց պրոդյուսերը։

 

«Մենք շատ երկար աշխատեցինք այս նախագծի վրա». Դիանա Գրիգորյանը` «Նռան հատիկի» բարձր ռեյթինգի մասին