«Ազիզյանները» սիթքոմը կլինի «Արմենիա TV»–ի եթերում
«Ազիզյանները» սիթքոմի մեկնարկից ի վեր հեռուստադիտողները հաճախ հետաքրքրվում են` ե՞րբ այն կլինի «Արմենիա TV»–ի եթերում։ Այսօրվանից սիթքոմը հասանելի կլինի հեռուստաընկերության եթերում։
Tert.am Life–ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանն ասաց, որ այսպիսով` նախագիծը շատ ավելի մասսայական կդառնա։
«Այս ընթացքում «Ազիզյանները» շատ ավելի մասսայական էր, քան ես սպասում էի։ Առաջին փորձն է, երբ Ucom ցանցում հեռարձակված նախագիծը ցուցադրվում է նաև «Արմենիա TV»–ով։ Հետաքրքիր փորձ կլինի բոլորիս համար։ Վստահ եմ, որ ռեյթինգի տարբերություն կլինի։ Եթե ինչ–որ մեկը տեսել է տվյալ սերիան, գուցե, չցանկանա դիտել երկրորդ անգամ, սակայն շեղումը ընդհանուր թվերից մեծ չի լինի, քանի որ կլինեն նաև մարդիկ, որոնք կցանկանան երկրորդ անգամ դիտել սիթքոմը»,– ասաց դերասանը։

Հայկը ստացված է համարում «Ազիզյանները» նախագիծը. «Կերպարները ստացվել են, ինձ դուր են գալիս իրավիճակները, ոճը։ Մենք ստացել ենք այն, ինչ պատկերացրել ենք։ Կարծում եմ` այս դեպքում այնքան կարևոր չէ իմ կարծիքը, որքան հեռուստադիտողների։ Մեզ համար միշտ դոմինանտ է հեռուստադիտողների կարծիքը։ Շատ դրական արձագանքներ ենք ստացել, ինչը, իհարկե, հաճելի էր ինձ»։
Ըստ պրոդյուսերի` եթերաշրջան առ եթերաշրջան «Ազիզյանների» հանդեպ հետաքրքրությունը չի նվազել։ «Եթե ամեն ինչ ճիշտ է արվում, հետաքրքրությունը պետք է շատանա։ Եթե քչանում է, ուրեմն ինչ–որ բան սխալ ես անում։ Կարծում եմ` կարողանում ենք ճիշտ անել «Ազիզյանները»»,– ասաց նա ու հավելեց, որ դասական սիթքոմային մոտեցում ունեն։













