Ջոն Մալկովիչի անակնկալը հայ հանդիսատեսին
Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչի ելույթով երեկ մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացումը։ Նա ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժշտության և Անաստասիա Տերենկովայի դաշնամուրային կատարման ներքո։ Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման մանրամասներն ու լուսանկարները։
Համերգային երեկոն մեկնարկեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ։ Նրանք կատարեցին Էդվարդ Միրզոյանի` լարայինների և գոսերի համար սիմֆոնիան, գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի: Միջոցառումը վարում էր Նազենի Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ այդ ընթացքում Մալկովիչը կուլիսներից հետևում էր նվագախմբի ելույթին, լսում ու պատրաստվում։
Դերասանն ասմունքեց հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից։ Բացի այդ, նա անակնկալ էր պատրաստել հանդիսատեսի համար։ Մալկովիչն արտասանեց Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի անգլերեն թարգմանությունից մի հատված:

Թեև Մալկովիչը թատրոնի և կինոյի դերասան է, նրա ելույթի ժամանակ թատրոնի էֆեկտներ օգտագործված չէին։ Շեշտադրված էր խոսքն ու երաժշտությունը, որոշ դեպքերում խոսքը նույնիսկ երգեցիկ էր։ Այս ժանրը լայն տարածում ունի աշխարհում, սակայն Հայաստանում այն նոր է:
Մալկովիչը ժամանել է Հայաստան Սերգեյ Սմբատյանի հրավերով։ Նրանց համագործակցությունը սկսվել է դեռևս 2015 թվականից։ Այս գործն առաջին անգամ կատարել են Սեուլում՝ Կորեայի կամերային նվագախմբի հետ, որի դիրիժորը Սերգեյ Սմբատյանն էր:
Արամ Խաչատրյանի անվան փառատոնը կտևի մինչև դեկտեմբերի 11-ը, որի ընթացքում Հայաստանում ելույթ կունենան անվանի երաժիշտներ։





























Լուսանկարները` Գև Խուրշուդյանի







