«Ժողովուրդը երկար կհիշի այդ օրը». Կարեն Բոկսյանը` մենահամերգի անակնկալների ու արտերկրից հայտնի հյուրերի մասին

14:54 • 13.10.17

 

Հոկտեմբերի 14–ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կկայանա ամերիկաբնակ հայ երգիչ Կարեն Բոկսյանի մենահամերգը։  Tert.am Life–ը երգչի հետ զրուցել է համերգի մանրամասների, հայտնի հյուրերի և անակնկալների մասին։

 

Վաղը Երևանում անցկացվելու են «Էրեբունի–Երևան» միջոցառումները, Կարեն Բոկսյանն ի սկզբանե չէր պլանավորել հենց այդ օրը մենահամերգ ունենալ, բայց այժմ շատ ուրախ է դրա համար. «Թող տոնական օր լինի։ Համերգս նվիրում եմ Երևան քաղաքին և երևանցիներին»։

 

Ըստ նրա` այդ օրը քաղաքում սպասվող համերգային ծրագրերը չեն խանգարի լեփ–լեցուն դահլիճ ունենալ։ «Կարեն Բոկսյան լսողը գալու է Կարեն Բոկսյան լսելու։ Իմ համերգին կլինեն թե՛ երեխաներ, թե՛ մեծահասակներ։ Իմ երգացանկը տարիքային սահման չունի, բոլորի համար էլ հաճելի է»,– նշեց երգիչը։

 

 

Երգչի համերգի գլխավոր հյուրերը «Ջիպսի Քինգզ»–ից Ջոեֆ Ֆարջին և Մարգարիտա Պոզոյանն են։ Մարգարիտա Պոզոյանի հետ Կարենն արդեն դուետ ունի, իսկ Ջոեֆի հետ դուետի պրեմիերան կլինի համերգի օրը. «Երգը կոչվում է «Մորենա», այն  կլինի ռուսերենով և իսպաներենով»։

 

Կարեն Բոկսյանի խոսքով` Ջոեֆը  ծանոթ է  Հայաստանին, գիտի մեր պատմությունը, և դուետն այստեղ ներկայացնելը նրա համար շատ ուրախ նորություն էր։ «Շատ էր սպասում Հայաստան գալուն, Ջոեֆը Էջմիածին այցելելու մեծ ցանկություն ունի։ Մենք նրան,  անպայման, կտանենք Էջմիածին»,– ասաց նա։

 

 

Երգչը վստահ է, համերգը բարձր տրամադրությամբ կանցնի։ նա նշեց, որ  անհամաբերությամբ սպասում է վաղվան. «Ես և իմ  նվագախումբն ամեն ինչ կանենք, որ վաղվա օրն իսկապես տոնական լինի»։   

 

Համերգի ժամանակ հանդես կգա նաև Սոֆի Դևոյանի պարի խումբը։ Բացի արդեն ճանաչում գտած երգերը, կհնչեն նաև նոր ստեղծագործություններ։ «Ովքեր վաղը ներկա կգտնվեն համերգին, լիովին կվայելեն օրը։ Ժողովուրդը երկար ժամանակ ու բարձր տրամադրությամբ կհիշի հոկտեմբերի 14–ի մենահամերգի մասին»,–եզրափակեց Կարենը։

«Ժողովուրդը երկար կհիշի այդ օրը». Կարեն Բոկսյանը` մենահամերգի անակնկալների ու արտերկրից հայտնի հյուրերի մասին