5 նախագիծ. մեկնարկեց «Արմենիա Պրեմիումի» աշնանային եթերաշրջանը
Այսօրվանից մեկնարկել է UCOM ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի նոր եթերաշրջանը: Հեռուստաալիքն իր բաժանորդներին առաջարկում է հետևել 5 նախագծի, որոնք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի և նախասիրությունների մարդկանց համար:
Այսօր արդեն ցուցադրվել է «Նվագախմբի երեխաները» նախագծի առաջին մասը, որը եթերում կլինի ամեն կիրակի։ Մանկապատանեկան մյուզիքլը խոստանում է լինել հետաքրքիր և ուսուցանող։
Երկուշաբթի և չորեքշաբթի հեռուստադիտողները հնարավորություն կունենան հետևելու «Ազիզյանները» ընտանեկան սիթքոմի երրորդ եթերաշրջանի ընթացքին։
Իսկ ահա երեքշաբթի և հինգշաբթի եթերում կլինի նոր սիթքոմ` Վաչե Թովմասյանի «Ոսկե դպրոցը»։ Նախագծում բացի Վաչեից նկարահանվում են նաև Լալա Մնացականյանը, Գևոն, Աննա Գրիգորյանը, Սերգեյ Սարգսյանը և այլք։
Ուրբաթ օրերին եթեր է վերադառնում «Սթենդ ափ» նախագիծը, որի շրջանակում հեռուստադիտողները կտեսնեն ոչ միայն արդեն սիրված կատակերգուներին, այլև նոր երիտասարդների, որոնք իրենց խոսքն ունեն ասելու։
Շաբաթ և կիրակի հեռուստադիտողները կարող են հետևել «Հետհաշվարկ» հոգեբանական թրիլլերի ընթացքին, որտեղ խաղում են Սոս Ջանիբեկյանը, Անի Երանյանը և Խորեն Լևոնյանը։ Ռեժիսոր Ելենա Արշակյանը ջանք չի խնայում, որպեսզի 24 մասանոց հեռուստանովելն էկրաններին գամի հեռուստադիտողներին։







