«Մարմնավորում եմ մի կերպար, որը բացարձակ կապ չունի ինձ հետ». Իշխան Ղարիբյանը` «Ազիզյանների» երրորդ եթերաշրջանի մասին

16:58 • 16.10.17

 

UCOM ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում այսօր մեկնարկում է «Ազիզյանները» սիթքոմի երրորդ եթերաշրջանը։ Ընտանեկան սիթքոմն առաջարկում հեռուստադիտողներին ընտանյոք հանդերձ հավաքել էկրանների առաջ ու հետևել զավեշտալի նոր իրավիճակներին, որոնցում  կհայտնվեն «Ազիզյանները»։

 

Երրորդ եթերաշրջանի առաջին սերիայում պարզվում է, որ փողի քչությունից մշտապես բողոքող ընտանիքը մեծ գումար է ժառանգություն ստացել։ Թե ինչ կլինի հետագայում, կհարստանա՞ն Ազիզյանները, թե՞ սառը ցնցուղ կընդունեն, պարզ կլինի սիթքոմի ընթացքին հետևելու դեպքում։

 

Tert.am Life–ի հետ զրույցում սիթքոմի դերասան Իշխան Ղարիբյանն ասաց, որ նախագիծը չի սպառում իրեն։ Սրա համար ստեղծագործական թիմն ունի իր գաղտնիքը. հումորը կառուցում է իրավիճակների վրա։  

 

 

«Թե՛ մեզ, թե՛ լսարանին սիթքոմը շատ հետաքրքիր է, դրա համար ունենում է շարունակություն։ Հուսով եմ` իմ կերպարն ավելի զվարճալի ու հետաքրքիր պատմությունների մեջ կընկի, ինչպես մինչև հիմա է եղել։ Ես ավելի ու ավելի եմ սիրում այս նախագիծը։ Ինձ համար նաև շատ հեշտ է աշխատել ստեղծագործական թիմի հետ։ Հայկի մասին չեմ խոսում, թե՛ որպես պրոդյուսեր, թե՛ որպես դերասան, թե՛ որպես մարդ նա իդեալական է։ Ռեժիսոր Արման Մարությանի հետ շատ հեշտ ենք աշխատում։ Գնում եմ նկարահանումների, հանգստանում եմ»,– ասաց Իշխանը։

 

Կնոջ փեշի տակ ապրող հարևանի կերպարն Իշխանի համար շատ հետաքրքիր է, քանի որ ինքն ու հերոսը հակառակ բևեռներ են։ «Ես մարմնավորում եմ մի կերպար, որը բացարձակ կապ չունի ինձ հետ։ Դրա համար էլ շատ հետաքրքիր է։ Ես սկսում երևակայել, թե ինչպիսին կլիներ նա, եթե իրականում գոյություն ունենար։ Ես շատ սիրեցի կերպարս դրա համար հաճույքով եմ աշխատում։ Ազնիվ ու միամիտ հատկանիշներ ունի, որոնց պատճառով էլ ընկնում է ծիծաղելի իրավիճակների մեջ»,– նկատեց դերասանը։

 

«Մարմնավորում եմ մի կերպար, որը բացարձակ կապ չունի ինձ հետ». Իշխան Ղարիբյանը` «Ազիզյանների» երրորդ եթերաշրջանի մասին