«Եվա» ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ Օսկար մրցանակաբաշխության նախընտրական ցանկում

12:00 • 16.10.17

 

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է Օսկար ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ  «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկը, որում ընդգրկված է նաև Հայաստանը: Այս մասին հայտնում են Հայկական ազգային կինոակադեմիայից։

  

Հայկական ազգային կինոակադեմիան տվյալ անվանակարգի համար այս տարի ընտրել էր Անահիտ Աբադի  «Եվա» ֆիլմը, որի մասին ։ Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։

 

Ամերիկյան կինոակադեմիայի  «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի ռեկորդային թվով երկրներ են հայտեր ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ:  

 

Հայալեզու ֆիլմը հանդիսանում է  Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

 

 

Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․



Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։