«Ֆուլ հաուսի» սցենարիստ Արտուշ Գևորգյանը` Stand-up–ում
Այն, ինչի կողքով մենք անտարբեր ենք անցնում, սթենդափերների աչքից չի վրիպում։ Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում այսօր մեկնարկում է Stand-up նախագծի նոր եթերաշրջանը, որը համալրվել է նոր դեմքերով։
Tert.am Life–ը զրուցել է Արտուշ Գևորգյանի հետ, որը հանդիսանում է «Ֆուլ հաուս» սիթքոմի և մի շարք այլ հումորային նախագծերի սցենարիստներից մեկը։ Արտուշն առաջին անգամ է ներկայացնելու իր հումորը հեռուստադիտողներին։ Նա խոստովանեց, որ սկզբնական փուլում որոշ մտավախություններ ուներ, այդ իսկ պատճառով խնդրել է պրոդյուսերիներին, որ իր առաջին ելույթը լինի փորձնական։
«Օր ու գիշեր քրտնաջան աշխատանքի արդյունքում դահլիճում տեսանք դրական արձագանք և հասկացանք, որ կարելի է շարունակել։ Մենք` ստեղծագործական խմբով, գնահատական տվեցինք փորձնական ելույթիս, «Ֆուլ հաուսի» պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ դիտեցինք և եկանք այն եզրակացության, որ ամեն ինչ շատ լավ է։ Նույն կարծիքն ունեն նաև պրոդյուսեր Սարգիս Մնոյանը և «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: Գուցե, կարող է լինել ավելին, սակայն մինիմում սպասելիքները։ Իհարկե, դա գալիս էր նաև դահլիճի արձագանքներից»,– ասաց նա։

Նոր ձևաչափը նոր մարտահրավեր է Արտուշի համար, սակայն շատ հետաքրքիր։ «Ինձ համար stand-up-ն ապագայի ժանր է. կարծում եմ՝ այս ժանրում ինքնադրսևորվելը նոր մարտահրավեր է յուրաքանչյուր սցենարիստի համար, որը կապ ունի հումորի հետ։ Ինձ համար շատ հետաքրքիր է այս ձևաչափը, հուսով եմ, որ հետաքրքիր կլինի նաև մեր շատ սիրելի հանդիսատեսին»,– նշեց Արտուշը։
Սցենարիստը նկատեց, որ կան հեռուստատեսային կանոններ, որոնց տիրապետում է փորձի բերումով, սակայն մյուս սթենդափերների հանդեպ առավելություն չունի։ Յուրաքանչյուր սթենադափեր ունի իր շեշտադրումները։

«Սա ավելի շատ անդերգրաունդ ժանր է` նման է ռեփին։ Սթենդափերները խոսում են խնդիրների մասին և իրենց բողոքն են արտահայտում, իհարկե, դա անում են հումորով։ Իմ շեշտադրումը մեր կյանքն է, այն իրադարձությունները, որոնց հետ ամեն օր առնչվում ենք, սակայն մենք, սովորաբար, լռում ենք այդ մասին»,– եզրափակեց նա։







